ստուգել՝ արդյոք ա՞յր մարդ էր լողացողը, թե կին։ Մտածում էի՝ մի՛ գուցե նույն ինքն Սոնան լիներ, որ ինձ դիտմամբ տեսություն նշանակեց արևի մտնելուց հետո, որպեսզի ինքը վերջացրած լինի իր լողանալը։
Ես սկսեցի հեռվից նայել դեպի քարանձավի ներսը, մանուկ մարդիկ այսպիսի անպատկառ հետաքրքրություններ շատ ունեն: Հանկարծ ջրի մակերևույթից դուրս բարձրացավ մի գեղեցիկ մարմին։ Հրաշալի՞ մի մարմին էր նա։ Գլխի արձակված գիսակները սքողել էին դեռ նոր զարգացած կուրծքը։ Նա երեխայական անմեղ զվարճությամբ թրթռում էր, խաղ էր անում ավազանի ալիքների հետ։ Արևի վերջին ճառագայթներն ընկած էին նրա դեմքի վրա։ Ո՞րքան հրապուրիչ էր ջրի մանրիկ կաթիլներով ցողված այն կուսական դեմքը։ Բայց նա երեսը շուռ տվեց, կարծես, չէր ցանկանում, որ արեգակն իր լուսեղեն շրթունքներով շոշափեր նրա անմեղ կուրծքը։ նույն ժամուն նա երևցրուց մի լիքն և հրաշալի թիկունք։
Դա մի րոպեական երևույթ էր։ Մարմինը կրկին անհետացավ ջրի մակերևույթի տակ։
Այսպես երևում են «հրեղեն կուսանքը» Վանա ծովակի միջից, այսպես հրապուրում են նրանք պատանիներին, որոնք լի սիրահարական ցնորքներով իրանց գցում են ալիքների մեջ, և ջրային աղջիկները հափշտակում, տանում են իրանց որսին դեպի ծովակի անդունդը, և այնտեղ իրանց բյուրեղային պալատներում զվարճացնում են նրան...
Ջրային հավերժահարսը կրկին հայտնվեցավ։ Այս անգամ նա հանգիստ էր. այս անգամ նա չէր թռչկոտում այս կողմ և այն կողմ։ Նա կիսով չափ նստած ջրի մեջ, սանդրում էր իր երկայն գիսակները։ Նա ինքն էր,— Սոնան էր։ Ես վաղուց ճանաչում էի այն խարտյաշ մետաքսանման գիսակները, ինձ ծանոթ էր այն հրեշտակային կերպարանքը, որ իր մերկության մեջ ավելի սքանչելի էր։
Նույն միջոցին ինձ տիրեց մի զգացմունք. դա նմանում էր այն սարսափելի զգացմունքին, որ տանջում է մի եղեռնագործին, որը մեղանչել էր մի որևիցե սրբության դեմ։ Զարհուրելի՞ է խղճի խայթն, երբ նա սկսում է ծակռտել մի սիրտ, որ դեռ ոչ բոլորովին կորուսել էր իր կենսական զորությունը... «Ես սիրում էի այս անմեղ, աղավնյակին...— մտածում