կհամբուրե, կհայտնե իր կարոտությունը ինձ երկար ժամանակ չտեսնելու համար, և շատ գեղեցիկ խոսքեր կասե։ Բայց դրանցից և ոչ մեկը չեղավ։
— Ֆարհատ,— ասաց նա խիստ սառն կերպով,— որոնի՛ր մի ծածուկ տեղ, ուր մեզ չտեսնեն, ես մի քանի խոսքեր ունեմ քեզ ասելու։
Մենք բարձրացանք դեպի մերձակա բլուրի զառիվերը, որ պատած էր վայրենի նշենիներով, և նստեցինք մի սեպացած ժայռի մոտ։ Այնտեղից գիշերային մթության մեջ տեսնվում էր ուխտավորների բանակը, որ լուսավորված էր գույնզգույն լապտերներով, որ բռնել էր ընդարձակ տարածություն վանքի չորեք կողմում, և մինչև այնտեղ լսելի էին լինում զանազան նվագածությանը ձայներ։ Բայց Սոնային ոչինչ չէր գրավում. տխո՜ւր էր նա, մահվան պես տխուր էր նա։ Խեղճ աղջիկ, ես երբեք նրան ուրախ չէի տեսել...
Սոնայի աոաջին խոսքերը բոլորովին ընտանեկան էին, վերաբերում էին իր վիճակին։ Նա ասաց, թե զրկվելով մորից, իր միակ մխիթարությունն էր Ստեփանը՝ իր սիրելի եղբայրը։ Եվ չնայելով, որ Ստեփանը վերջին ժամանակներում բավականին ուղղվել էր այսուամենայնիվ նրա հայրը, Ստեփանի խելագարությունը տիրամոր պատիժ համարելով, բերեց նրան և վանքի «խեղճերի» մեջ գցեց։ Նա պատմում էր, թե ինքը շատ աղաչեց հորը, որ այս անգթությունը չանե, Ստեփանին թողնե տանը, թե ինքը խոստանում է միշտ խնամել, պահպանել նրան,—բայց հնարք չեղավ, հայրը չընդունեց։ Այս պատճառով Սոնան ստիպվեցավ աստվածածին ուխտ զալ, որովհետև չէր ուզում շուտով բաժանվել իր եղբորից։ Եվ այժմ ամեն օր աղաչում է, պաղատում է հորը, որ Ստեփանին «խեղդերի» մեջ չթողնե, որ նրան վանքից ետ առնե և կրկին տուն տանե և այլն։
Այս բոլորը նա պատմեց խիստ ցավալի և դառն եղանակով, բայց առանց մի կաթիլ արտասուքի։ Խե՜ղճ աղջիկ, այնքան անբախտ էր, որ լացել ևս չէր կարող...
Այնուհետև նա ինձանից երդում առեց և սկսեց պատմել մի գաղտնիք։
Նա ասաց, թե որսորդ Ավոյի և նրա հյուրերի, այսինքն՝ Կարոյի և նրա ընկերների դեմ սարքվում է մի մեծ դավադրություն։ Պատմեց, թե իր հոր մոտ մի քանի անգամ եղել են գաղտնի ժողովներ, ուր հավաքվում էին տիրամոր վանքի վանահայր Կարապետ