հայր սուրբը, իմ քեռի Պետրոսը, մի մեծ քուրդ իշխան և ուրիշ մի քանի մարդիկ, որոնց չէ ճանաչում։ Հայտնեց, թե ինքը մի քանի անգամ ծածուկ լրտեսել է նրանց խոսակցությունը, թեև բոլորը չէ հասկացել, բայց այսքանը իմանում է, որ նրանք խոսում էին որսորդ Ավոյի, Կարոյի և նրա ընկերների մասին «շատ վատ բաներ», և մտածում էին, թե ի՞նչ հնարքով նրանց բռնել տան, ոչնչացնեն, որ «երկրի խռովությունը հանդարտվի»...
— Լավ, նրանք ի՞նչով են մեղավոր,— կտրեցի ես Սոնայի խոսքը, բոլորովին շփոթվելով։
— Ես չեմ իմանում, Ֆարհատ,— պատասխաննց Սոնան նույնպես վրդովված ձայնով։— Ասում են՝ նրանք չար մարդիկ են, ավազակներ են, ուր որ գնում են, այնտեղից արյունը և կոտորածը պակաս չէ լինում...
— Ես չեմ հավատում, Սոնա։
— Ես էլ չեմ հավատում, բայց ի՞նչ անես, ասում են, չես կարող ասողի բերանը բռնել: Ես երբ որ այս խոսքերը լսեցի, շատ տխրեցի, մտածում էի, որ դու էլ նրանց հետ ես, քեզ էլ կարող է մի վտանգ պատահել:
Սոնայի աչքերը այդ միջոցին լցվեցան արտասուքով։ Նա հեկեկալով շարունակեց.
— Ես հենց որ լսեցի, գնացի քո մոր մոտ, բոլորը պատմեցի, որ նա քեզ ասեր. մայրդ ժամանակ չգտավ։ Բայց որքան տխրեց մայրդ, Ֆարհատ, «որդիս կորավ»... ասում էր նա։
Իմ վրդովմունքը հետզհետե սաստկանում էր. ես չէի կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ բան է, որ հայոց վարդապետը, որ հայոց քահանան և իմ քեռի Պետրոսի նման մարդը, միացած քուրդ իշխանի հետ, դավադրություն էին հնարում մի քանի բարի, և խեղճ ժողովրդի արտասուքը սրբող երիտասարդների դեմ։ Նրանք ավելի բարվոք էին համարում քուրդ իշխանի անտանելի լուծը, այն իշխանի, որի սրբապիղծ ձեռքը մուտք էր գործել մինչև հայոց տաճարի ներսը, որն, ինչպես իմ աչքով տեսա, կանգնած սուրբ սեղանի մոտ, տաճարի գանձանակի վրա էր հսկում...
Բայց Սոնայի երկյուղը միայն իմ մասին չէր. նա ափսոսում էր և Կարոյին, և նրա ընկերներին։ «Նրանք լավ տղերք են, ասում էր նա, ես նրանց ոչ մի ժամանակ չեմ մոռանա»։ — Եվ նա խորհուրդ էր տալիս, բոլորը հայտնել նրանց, զգուշացնել, որ վտանգի չհանդիպեն։
Մութը բոլորովին պատել էր, երբ մենք վերադարձանք ուխտավորների