բանակը։ Թե Սոնան և թե ես այն աստիճան խռովված էինք, որ մեր մեջ ուրիշ խոսակցություն չեղավ։ Լուռ իմ կողքով գնում էր Սոնան։ Խե՜ղճ աղջիկ, նա միանգամից կորցնում էր երկու մխիթարություն՝ իր հարազատ եղբորը, որին պետք է թողներ վանքի «խեղճերի» մեջ, և այն տղամարդին, որին սիրում էր, որի ձեռքը բռնած գնում էր այժմ։
Երբ մենք մոտեցանք ուխտավորների բանակին, նա ասաց.
— Դու ինձ հասցրու մինչև մեր տիրացու Թաթոսի վրանը և հեռացիր։
— Նա՞ էլ այստեղ է,— հարցրի ես։
— Այստեղ է, ուխտ է եկած իր կնոջ և ազգականների հետ։
— Մի՞թե նա այժմ կին ունի։
— Մի քանի ամիս է, ինչ որ պսակվել է, միտք ունի շուտով քահանա դառնալու։
— Հենց ես մնացի առանց կնոջ, ամենքը պսակվեցան...
— Քեզ էլ աստված ողորմած է...— պատասխանեց Սոնան, խորհրդավոր ձայնով. և այն ժամանակ միայն ես նկատեցի, որ ժպիտի նման մի բան շողաց նրա տխուր դեմքի վրա։
Տիրացու Թաթոսն արդեն ծանոթ է մեր հիշատակարանի մեջ նրա սկզբից։ Այս տխմարը մի ժամանակ մեր դպրոցի վերակացուն էր, աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն». այժմ նա ամուսնացած էր և շուտով պետք է քահանա դառնար... արդյոք, արժա՞ն էր այդ պատվին...
Հասցնելով Սոնային տիրացու Թաթոսի վրանը, ես հեռացա։
ԼԷ
ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈԻՄ Է
Գիշերից բավական անցել էր. ես իմ մտածությանց մեջ բոլորովին մոլորված, չգիտեի թե ուր գնամ։ Սոնայի հաղորդած տեղեկություներն ինձ բոլորովին շփոթել էին։ Մեկ էլ տեսնեմ, առաջս կտրեց իմ քեռի Պետրոսը։
Ե՛կ, ասաց նա ծանր կերպով,— ե՛կ, մոլորյալ ոչխար, գնանք ինձ մոտ, քեզ հետ խոսելիք ունեմ։ Ես հետևեցի նրան ամենայն խոնարհությամբ, որովհետև երեխայությունից սովորած էի նրան իբրև հայր ճանաչել։ Նա ինձ