Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարավ իր վրանը, կնոջը և մյուսներին հրամայեց գնալ դրացիների մոտ, և աոանձին ինձ հետ սկսեց խոսել: Նրա խոսքերը դարձյալ վերաբերում էին ծերունի որսորդին, Կարոյին և նրա ընկերներին, և ավելի բացատրում էին Սոնայի ինձ հաղորդած գաղտնիքների ճշտությունը։ Բայց ինչ որ նոր և հետաքրքրական էր քեռի Պետրոսի խոսքերի մեջ, դա վերաբերում էր ծերունի որսորդի երիտասարդական կյանքին, և նրա աղմկալի անցյալին:

Քեռի Պետրոսն ասում էր, թե ծերունի որսորդը մի ծպտյալ անձնավորություն է, որ ծածկված է հասարակ որսորդի կերպարանքում. թե նա Մոգաց և Սասնո երկրից փախստական անցել էր Պարսկաստան, այնտեղ առժամանակ իրան թաքցնելու համար։ Թե նրա անունը առաջուց Ավո չէ եղել, այլ նա կոչվում էր իր երկրռւմ Մելիք-Միսաք, և ամբողջ Սասանի և Մոգաց երկրի իշխանն է եղել։ Նա ուներ այնտեղ իր սեփական ամրոցը, հարուստ կալվածներ և իր ձեռքի տակ բազմաթիվ քաջ պատերազմողներ։ Ամբողջ Սասունը և Մոգաց երկրի կիսավայրենի ժողովուրդը դողում էին նրա զորությունից։ Նա իր իշխանության ներքո զսպել էր ոչ միայն տեղացի հայերին, այլ բոլոր նույն երկրում բնակվող քուրդ և օտարազգի ցեղերին։

Մելիք-Միսաքը իր կառավարության մեջ նույնն էր, ինչ որ է մի երևելի քուրդ իշխան իր բոլոր միապետական զարհուրանքով։ Նա նույնպես արշավանքներ էր գործում հակառակ ցեղերի վրա, կոտորում էր, հափշտակում էր, ավարներ և գերիներ էր բերում։ Այսպիսով նա իր իշխանության ներքո խոնարհեցրել էր բացի հայերից և մի քանի քրդերի ցեղեր։ Վերջիններն այնպես սերտ կապված էին իրանց հայ Մելիքի հետ, որ առանց խտրություն դնելու, մասնակցում էին և այն արշավանքների մեջ, որոնք տարածվում էին հակառակ կողմի քրդերի վրա։

Այստեղ ես կտրեցի քեռի Պետրոսի խոսքը, հարցնելով.

— Քրդերը նույնը չէի՞ն անում հայերի վերաբերությամբ։

— Անում էին,— պատասխանեց նա։— Բայց հային ի՞նչ կվայելե ավազակ քրդից օրինակ առնել:

Ես մտաբերեցի այն խրատը, որ լսել էի ծերունի որսորդից, և պատասխանեցի նույն ոճով.

— Ավազակի հետ պետք է ավազակ լինել, ավազակի հետ չէ կարելի ճգնավորի պես վարվել։ Երբ որ քուրդն իր սրով և նիզակով դիմում է մեզ վրա, երբ որ նա գալիս է մեր տունը քանդելու, մեր կայքը հափշտակելու, մեր ընտանիքն անպատվելու, մեզ