Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք չէ խաչով և ավետարանով դուրս գալ նրա առաջը, այլ մեզ պետք է նույնպես սրով պաշտպանել մեր պատիվը:

— Վարակվե՜լ է թշվառականը...—ասաց քեռի Պետրոսը գլուխը շարժելով։— Այսպես կարող է խոսել միայն ծերունի որսորդի հառաջադեմ աշակերտը։

— Ուղիղ է, ես առաջ այսպես չէի մտածում, ես կարծում էի թե աստված հային ստեղծելու ժամանակ նրա ճակատին գրել է, որ նա միշտ խեղճ լինի, օտարի ձեռքի տակ գերի լինի, ինքն աշխատե և ուրիշին ուտացնե, գլխին ծեծեն լուռ կենա, երեսին թքեն՝ լուռ կենա, մի խոսքով, աշխարհի բոլոր անպատվություններին պետք է համբերե նա։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ աստված չէ ցանկանում, որ հայը թշվառ լինի, և եթե նա թշվառ է, ինքն է պատճառը...

— Դու վարակվել ես խե՜ղճ տղա,— պատասխանեց քեռի Պետրոսը ցավակցական եղանակով։— Դրանք այն երևելի ավազակապետի (ծերունի որսորդի) խոսքերն են, որ դուրս են թափվում քո բերանից։ Դրանք այն «հին գայլիս խոսքերն են, որի համար ադամորդու կյանքը մի ճանճի կյանք է, որն իր գլխի մազերի համբարքով մարդիկ է կոտորել, որը հազարավոր տուներ է քանդել, որի սիրտը գութ և խիղճ կոչված բաների հետ երբեք ծանոթ չէ եղել։

Վերջին խոսքերն ավելի զայրացուցին ինձ, նրանք խիստ կեղտոտ հայհոյանք էին մի մարդու դեմ, որն այնքան բարեսիրտ էր և մեծահոգի, որը թշվառի հայր էր և կարոտյալի բարերար: Ես պատրաստ էի իսկույն վեր թռչել, բռնել քեռուս կոկորդից և խեղդել նրան, բայց մի հանկարծակի այցելություն արգելեց իմ կատաղությանը։

— Ողջույն,— լսելի եղավ մեր ետևից, և վրանի մեջ հայտնվեցավ իմ վարժապետը— տեր Թոդիկը։

— «Անառակ որդին» երևաց,— ասաց նա ինձ տեսնելով:— Բայց արդյոք զղջացե՞լ է նրա սիրտը։

— Ընդհակառակն, ավելի խստացել է,— պատասխանեց քեռի Պետրոսը։

Ես լուռ էի:

Տերտերը եկավ նստեց։

Քեռի Պետրոսը մասնավորապես պատմեց նրան այն վիճաբանությունը, որ անցել էր մեր մեջ, և խիստ սև գույներով նկարագրեց իմ համառությունը և մոլորությունը: