Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տերտերը իր հատուկ կրոնական փիլիսոփայությամբ սկսեց կշտամբել իմ ցնորքները, ասելով. — Մեր, տիրոջ մեղավոր ծառաներիս, ձեռքումը ոչինչ չկա. մենք ոչինչ չենք կարող անել: Ամեն ինչ, որ լինում է, աստուծ՛ կամքովն է լինում, առանց նրա կամքին տերևն անգամ ծառից ցած չէ գալիս Աստված է ստեղծել բոլոր արարածներին և նա է նշանակել բոլորի վիճակները: Օրինակ, եզին ստեղծել է, որ մարդու վարը վարե, ոչխարին ստեղծել է, որ մարդուն կաթ, կերակուր և հագուստ տա, ձիուն ստեղծել է, որ մարդու ծանրությունները տանե,— այսպես ամեն մեկին մի բանի համար է ստեղծել աստված: Բայց մարդը գայլից չէ կարող կաթ և բուրդ ստանալ, առյուծին չէ կարող ստիպել, որ իր վարը վարե, և արջին կարող չէ հրամայել, որ իր ծանրությունները՝ տանե։ Դրանք գազաններ են. դրանց մյուս անասունների համար որպես պատիժ ստեղծել է աստված։ Դրանք պետք է հափշտակեն, կեղեքեն, մյուսների մսով և արյունով կերակրվեն։

Ես դարձա դեպի վարժապետս, ոչ աշակերտի երկչոտությամբ, այլ համարձակ կերպով հարցրի,

— Ի՞նչ համեմատություն կա ձեր ասածների և մարդու մեջ:

— Համեմատությունը նույն է,— պատասխաննց տերտերը։— Մարդիկ էլ այնպես են ստեղծված, մեկը ոչխարային բնություն ունի, մյուսը գազանային:

— Մենք, հայերս, որ մեկիցն ենք։

— Մենք աստուծո գառնուկներն ենք,— պատասխանեց նա ավելացնելով ավետարանական խոսքը— «արածեա՛ զոչխարս իմ» ասաց տերն մեր Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին, դրանից երևում է, որ մենք գազան բրդերի նման չպետք է լինենք:

Ես տերտերի խոսքերի մեջ մի նոր բան չգտա, դարձյալ նույն քարոզներն էին, որ հազար անգամ լսած էի, բայց այժմ նրանք իմ գլխում չէին մտնում, այժմ ես հասկանում էի, թե ո՛րքան վնասակար էին նրանք։

Բայց ինձ նույն րոպեում տանջում էր մի այլ միտք, ես շատ դժգոհ էի, որ տերտերը եկավ և խառնեց իմ և քեռի Պետրոսի մեջ սկսված խոսակցությունը։ Նրա պատմությունը ծեր ունի որսորդի անցյալի մասին մնաց անկատար, ես ցանկանում էի մինչև վերջը լսել այս գաղտնածածուկ մարդու կյանքի պատմությունը