Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քեռի Պետրոսը ինքն առիթ տվեց շարունակելու ընդհատված պատմությունը։

— Տեսա՞ր, որդի,— ասաց նա,— տերտերն էլ նույնն է խոսում, ինչ որ ես էի ասում քեզ. հեռացի՛ր այս մարդերից, եթե չես կամենում կորցնել քեզ։

— Ես ուզում եմ ավելի լավ ճանաչել նրանց, քեռի, պատմեցեք, թե ի՞նչպես ընկավ Մելիք-Միսաքը իր փառքից և ի՞նչ առիթ տվեց նրան հասարակ որսորդի կերպարանքով հայտնվել Պարսկաստանում։

— Դա մի երկար պատմություն է, որի մանրամասնություններն ինձ ևս հայտնի չեն,— ասաց նա։— Միայն այսքանը գիտեմ, որ Մոգաց և Սասնո երկրներում մի քանի ուրիշ հայ իշխաններ և մի քանի տանուտերներ հակառակ կուսակցություն էին կազմում Մելիքի դեմ։ Նրանք միացան տեղային հայոց առաջնորդի հետ, և մի քանի վարդապետներ էլ իրանց կողմը գցելով, գրգռեցին ժողովուրդը Մելիքի դեմ։ Նրանք ասում էին, թե մենք չենք սւզում, որ մեզ վրա «հայ» տիրե, մեզ համար լավ է քուրդը, «հայից բեկ (իշխան) լինել չէ կարող»։

Այնուհետև քեռի Պետրոսը խիստ արհամարհական կերպով նկարագրեց Մելիքի անկումը։ Ես նրա խոսքերից միայն այսքանը կհիշեմ։

Ամեդիայի մեջ այն ժամանակ նստում էր մի քուրդ իշխան. նա մի քանի ցեղերի գլխավորն էր և ուներ իր ձեռքի տակ բազմաթիվ պատերազմող տղամարդիկ։ Քուրդ իշխանը Մելիքի ոխերիմ թշնամիներից մեկն էր։ Հայոց առաջնորդը մի քանի տանուտերերի հետ ծածուկ գնում են նրա մոտ, հայտնում են, թե որպես իրանք, նույնպես և ժողովրդի մեծ մասը Մելիքից գոհ չեն, և ցանկանում են նրա լուծը իրանց վզից գցել: Այս պատաճռով հրավիրում են քուրդ իշխանին հանձնառնել իրանց վրա տիրապետելը։ Եվ առաջնորդը իր տանուտերների հետ խոստանում են, որ ամեն կերպով կօգնեն և ձեռնտու կլինեն քուրդ իշխանին Սասունը և Մոգաց երկիրը տիրելու գործի մեջ։

Ես կտրեցի քեռի Պետրոսի խոսքը՝ հարցնելով.

— Առաջնորդը ի՞նչ մի առանձին օգուտ ուներ հայ ժողովուրդը քուրդ իշխանի ձեռքում մատնելու մեջ։

— Շատ օգուտ,— պատասխանեց նա.— եթե Մելիքը մեջտեղից վերցվեր, միայն առաջնորդը կմնար որպես ժողովրդի հոգևոր