և մարմնավոր ներկայացուցիչը։ Բայց Մելիքի ստվերի տակ նա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի բարձր հոգևորական:
Այս հետո, խիստ հետո ես հասկացա հայոց հոգևորականության մշտական կռիվը մարմնավոր իշխանության դեմ։ Այս այն ժամանակ հասկացա, երբ կարդացի մեր ազգի պատմությունը և ծանոթացա նրա թշվառ անցյալի հետ...։
Քուրդ իշխանի վաղուց փափագած բաղձանքը հենց այն էր, ինչ որ առաջարկում էին հայոց առաջնորդն և տանուտերները։ Դավադրությունը սահմանվում է, իսկ գործադրությունը նշանակվում է զատկի ավագ շաբաթի գիշերը։ Նույն գիշերը, երբ Մելիքը իր ընտանիքով բոլորել էին ճրագալույցի սեղանի շուրջը, հանկարծ նրա ամրոցը պաշարվում է բազմաթիվ քրդերով։ Մի քանի րոպեում հրդեհը չորս կողքից սկսվում է տարածվել դեպի ներսը. ամրոցը կորչում է ծուխի և բոցերի մեջ։ Պարիսպները խորտակվում են և ներս է թափվում կատաղի ամբոխը։ Սկսվում է սարսափելի կոտորածը։ Մելիքը երկար քաջությամբ կռվում է, բայց շատ վերքեր ստանալով, վերջապես ընկնում է նա։ Մրհեն կրակի, սրերի և գնդակների միջից հափշտակում է իր, դեռ ոչ բոլորովին անշնչացած, տիրոջը։ Բայց նրա բոլոր որդիքը, աղջիկները, ծառաները և աղախինները կոտորվում են։ Ազատվում է միայն Մելիքի մի հատիկ աղջիկը՝ փոքրիկ Մարոն, որին ստնտուն փախցնում է։
Բայց դրանով բոլորը չէ վերջանում։ Ժողովրդի մեծ մասը չէր ցանկանում զրկվել իր գլխավորից, որ այնքան սիրելի էր բոլորին, որ միշտ հոր պես խնամել էր նրանց կյանքը և պատիվը թշնամիներից։ Ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում է ընդդիմանալ քուրդ իշխանին։ Բայց ի՞նչ կարող է անել մի անգլուխ ժողովուրդ, որ առաջնորդող չունի։ Մի քանի ամբողջ շաբաթներ Սասունը և Մոգաց երկիրը դարձել էին արյան և կոտորածի ասպարեզ։ Մելիքը վիրավորված առյուծի նման հեռվից մռնչում էր, բայց ոչնչով չէր կարող օգնել։ Քրդի սուրն անխնա կոտորում էր, և նույն սրին ուժ և զորություն տվողներն էին նույնպես հայեր, լա՜ր և եղեռնագո՜րծ եկեղեցականներ...
Ժողովուրդը վերջապես նվաճվում է օտարի լծի տակ քուրդ իշխանր տիրում է....
Այնուհետև հազարավոր մարդիկ որոնում էին Մելիքին, որովհետև նրա դիակը ամրոցի կոտորածի մեջ չգտնվեցավ։ Բայց նա