Մըհեի հսկայական ուսերի վրա, անմատչելի լեռներից և ձորերից անցնելով, արդեն փոխադրվել էր Պարսկաստան։
Քեռի Պետրոսի պատմությունը ինձ վրա սրսափելի տպավորություն գործեց. ես բոլոր մարմնով դողում էի, և մանավանդ ավելի եղավ իմ բարկությունը, երբ տերտերն՝ այս բոլորը լսելուց հետո՝ ասաց առածի ձևով.
— «Չարը միշտ չարով կսասանվի».— «Սրի հետ խաղացողը միշտ սրով կմեռնի»,—— և ավելացրուց.— Այսպիսի մարդիկ ոչ միայն իրանց անձի կորստյան պատճառ են դառնում, այլ ժողովրդին էլ արյան և կրակի մեջ են գցում։
— Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը, տեր հայր,— ասաց քեռի Պետրոսը։— Մելիքը Պարսկաստան գալուց հետո, նա երկար ժամանակ իր գաղտնի նպատակներով կարողացավ թաքնված մնալ որսորդի անվան տակ, բայց երբ որ նկատեց, թե այնտեղ ևս պետք է մերկացվի ինքը, նա թողեց Սալմաստը և անցավ Հաղրակ։ Ժողովուրդն այնտեղ ռամիկ էր և կիսավայրենի, իսկ մի այսպիսի ժողովուրդ պետք էր նրան։ Նա շուտով կարողացավ գրավել ռամկին և բոլորի հավանությամբ նույն գավառի «Միր» ընտրվեցավ։ Այնուհետև խռովությունը այս երկրից պակաս չէ: Հասպիստանու կռիվը իր հաջողությամբ խրախույս տվեց նրան, այժմ նա իր նպատակին մասամբ հասել է և կամենում է Հաղրակա[1] լեռների վրա այն խաղը խաղալ, ինչ որ խաղում էր մի ժամանակ Սասնո մեջ։
— Այսպիսի մարդիկը ժանտախտ են, ուր և գնում են, իրանց հետ տանում են մահ և կոտորած,— ասաց տերտերը։
— Եթե ծերունի որսորդի միտքն այն է,— պատասխանեցի ես,— որ հայը ազատված լինի օտարի լծից, որ նա իր տունը, իր երկիրը ինքը կառավարե, դրա մեջ ես մի վատ բան չեմ տեսնում։ Եվ ես ինքս կլինեմ առաջինը, որ կնվիրեմ իմ արյունը նրա նպատակին։
— Եվ դու ինքդ կլինես աոաջին խելագարը...— լսելի եղավ մի նոր ձայն։
- ↑ Մեր հիշատակարանի մեջ բազմիցս հիշված Հաղրակը Վասպուրականի Փոքր Հաղրակ կոչված գավառը հասկանալու է, որն այժմյան Վանա փաշալիկի գավառներից մեկն է: Փոքր Հաղրակը իր լեոնային դրությամբ կազմում է մի բարձրավանդակություն, որ իր սառը կլիմայի պատճառով ավելի հարմար չէ երկրագործության համար, բայց ունի ճոխ արոտամարգեր, որ շատ նպաստավոր են խաշնարածներին