Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չէի կարողացեք նկատել, որ մի վարդապետ ներս էր մտած քեռի Պետրոսի վրանում և ականջ էր դնում մեր խոսակցությանը։ Դա միևնույն աբեղան էր, որին ցերեկով տեսած էի «Կաթնաղբյուրի» ձորում։ Նա եկավ նստեց։ Քեռի Պետրոսի և տեր Թոդիկի ընդունելության ցույցերից երևաց, որ չափազանց հարգանք ունեին դեպի հայր սուրբը։ Ճրագի լույսով ես ավելի լավ կարողացա զննել նրան։ Նա մի մարդ էր ալեխառն մորուքով և նույնպես դեռ նոր ճերմակած երկայն մազերով։ Հագուստը խիստ անշուք էր, այնպես հագնվում են միայն անապատական ճգնավորները։ Ինչ որ նշանավոր էր նրա կերպարանքի մեջ, դոքա էին կենդանի և կրակոտ աչքերն, որոնք իրանց առույգությամբ մի հայտնի բացառություն էին կազմում նրա զառամյալ հասակի մեջ։

Նա, առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու, սկսեց խոսել քեռի Պետրոսի և տերտերի հետ։ Քանի րոպեից հետո ես ինձ բոլորովին ավելորդ զգացի նրանց հասարակության մեջ, մանավանդ երբ նշմարեցի, որ իմ ներկայությունը նրանց հաճո չէր, ուստի բարի գիշեր ասելով, հեռացա։

ԼԸ

ԲԱՐԿԱՑԱԾ ՄԱՐՈՆ

Դուրս վազեցի քեռի Պետրոսի վրանից։ Ես երկար չէի կարողանում մոռանալ անապատական ճգնավորին։ Այս աբեղան ինձ երևում էր որպես մի կախարդական անձնավորություն։ Քանի ժամ առաջ ես տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում. նա անցավ այնտեղից որպես մի անրջային ուրվական, մեղմ կերպով եղանակելովդ մի արաբական երգ։ Նրա ձայնը թփերի միջից դուրս կանչեց կախարդ Սուսանին։ Նա գրկեց Հյուբրիին և անհետացավ բլուրների մեջ։ Այժմ կրկին ես տեսա նրան երկու մեծ դավադիրների վրանում։ Ի՞նչ գործ ուներ Սուսանի և Հյուբբիի բարեկամը Կարոյի և ծերունի որսորդի թշնամիների մոտ.— այդ ես հասկանալ չէի կարողանում։

Այդ մտածողության մեջ ես անցա ուխտավորների բանակը։ Հասնելով մեր վրանը տեսա այնտեղ բոլորը քնած էին. արթուն էր միայն Մարոն. նա դևի պես նստած վրանի մուտքի մոտ, սպասում էր ինձ: