— Ո՞վ տվեց քեզ այդ սանդրը,— հարցրի ես։
— Ես ինքս գտա այնտեղ։
— Դու մեղ տեսա՞ր։
— Կույր չէի, որ չտեսնեի։
— Բայց մենք ինչո՞ւ չտեսանք քեզ։
— Ես շատ անգամ դևի պես աչքի չեմ երևում,— պատասխանեց նա ծիծաղեյով։
Մարոյի խորամանկությունները ես վաղուց գիտեի. այդ պատճառով իսկույն չկարողացա հավատալ նրան և ասեցի․
— Դու սուտ ես խոսում, այս սանդրը ուրիշ կերպով հասել է քո ձեռքը։
— Չե՞ս հավատում ինձ,—պատասխանեց նա պինդ ձայնով։
— Կուզե՞ս բոլորը կպատմեմ. նա աղբյուրի մեջ լողանում էր, դու հեռվից ապուշի պես նայում էիր, հանկարծ անցավ ձորի միջով ճգնավորը․ նա երգում էր մի տխուր մեղեդի։ Հետո հայտնվեցան Սուսանը և Հյուրրին, իսկ դուք բարձրացաք բյուրի վրա, նստեցիք նշենիների թփերի մեջ։ Թե կուզես, կպատմեմ դուք ինչ խոսեցիք։
— Հիմա հավատում եմ։
Մարոն մտածության գնաց և րոպեական լռությունից հետո խոսեց․
— Խե՜ղճ Սոնա, ո՛րքան անբախտ է նա․․․ իմ սիրտը չդիմացավ, երբ նա այնպես ցավալի կերպով խոսում էր իր մոր մահվան մասին և իր եղբոր կորստյան մասին։ Իմ սիրտը չդիմացավ, և ես թաքնված թփերի մեջ, լաց էի լինում, Ֆարհատ։
Վերջին խոսքերի միջոցին ես նկատեցի Մարոյի աչքերում արտասուք։
— Դու հիմա էլ լաց ես լինում,—ասացի նրան։
Նա ոչինչ չպատասխանեց։ Բայց հանկարծ մի կատաղի ցնցում փոխեց նրա հեզ, ցավակցական դեմքը, և նա խոսեց լի սպառնալիքով։
— Ֆարհատ, աստված վկա, ես նրա հորը շան պես կսատկացնեմ, թո՛ղ նա տերտեր լինի, մեղքից չեմ վախենա, գիտեմ, որ նա սատանա է։
— Բայց նա Սոնայի հայրն է։
— Ղորդ է, ես Սոնային շատ եմ սիրում, նա լավ աղջիկ է, եթե ես մի քույր ունենայի, նրանից ավելի չէի սիրի, բայց իմ Հորը ավելի եմ սիրում...