Եվ ես այնօր միթե չէ՞ի տեսել միևնույնը, երբ «Կաթնաղբյուրի» ձորում ծպտյալ աբեղան միացավ պառավ կախարդի հետ և համբուրեց Հյուբբիին։
Իմ տարակույսը փարատված էր․ ես հոժարվեցա գնալ և գտնել «ճգնավորին», բայց մտածում էի մեր վրանը անտեր և առանց տղամարդի չթողնել։ Երբ այդ մասին հայտնեցի Մարոյին, նա պատասխանեց․
— Սուրբ աստվածածինը իր ուխտավորներին կպահե, գնա՛նք։
Ես չհամոզվեցա։ Նա խնդրեց ինձ փոքր-ինչ դրսում սպասել, իսկ ինքը մտավ վրանի ներսը։ Մինչև նրա դուրս գալը, ես գտա վանքի գյուղացիներից մեկին, և նրան մի քանի ղուրուշ տալով, պատվիրեցի հսկել վրանին մինչև մեր վերադարձը։
Քանի րոպեից հետո դուրս եկավ Մարոն․ ես հազիվ կարողացա ճանաչել նրան. նա փաթաթված էր մի լայն վանա աբայի (վերարկվի) մեջ և գլխին քրդի ձևով ապարոշ էր կապել։
— Դա ո՞վ է,— հարցրուց նա, տեսնելով գյուղացուն։
— Ես պատվիրեցի նրան հսկել վրանին մինչև մեր վերադարձը։
— Խաթունը արթուն է։ Լավ, գնանք։
Երբ փոքր-ինչ հեռացանք, նա ասաց․
— Դու չես իմ անում, Ֆարհատ, նա ինքը կգողանա։ Այստեղ բոլորն էլ ավազակներ են։
— Վանքի սպասավորն երկյուղած կլինի,— պատասխանեցի ես։
— ՉԷ՛, այդպես չէ, ես իմ աչքով տեսա, ինչպես մի վարդապետ գողացավ և գրպանը դրեց իմ գցած գանձանակը։ Նրանք մեզ խաբում են, Ֆարհատ, նրանք այն չեն, որպես դրսից երևում են․․․ հայրս շատ է պատմել ինձ նրանց գործերի մասին...
— Քո վերարկվի տակից զենքի ձայն է լսվում, Մարո։
— Հայրս պատվիտել է ինձ, երբ գիշերով հեռու տեղ ես գնում, պետք է միշտ զենք ունենաս։
Ճանապարհին ես Մարոյից հարցրի, թե ո՞րպես նա կարողացավ ճանաչել ծպտյալ «ճգնավորին»։
— Սկզբում ես չկարողացա ճանաչել, երբ տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում, — պատասխանեց նա։ — Թշվառականը մի այնպիսի մորուք և ծամեր էր շինել, որ ինքը սատանան չէր կարող հնարել, երբ կամենում է ծերի կերպարանք ընդունել։ Երեսը ներկել էր և պառավի գույն էր տվել, մինչև անգամ խորշումներ կային։