Բայց աչքերը մնացել էին անփոփոխ։ Ո՞վ չէ կարող ճանաչել Ասլանի գեղեցիկ աչքերը, եթե մի անգամ տեսել է նրան։
— Բայց ո՞ր դևը բերեց քեզ այնտեղ, «Կաթնաղբյուրի» ձորում։ Մարոն բոլորովին անկեղծաբար խոստովանեց, թե նա հենց այնօր տիրամոր տաճարի մեջ նկատել էր, երբ Սոնան մոտեցավ և շշնջաց իմ ականջիս, նշանակելով տեսություն «Կաթնաղբյուրի» ձորում․ թե այն շշունջը ծնուցել էր նրա սրտում կասկած և նախանձ... և ինքը չկարողացավ համբերել, եկավ այնտեղ..․
— Եվ քո կասկածանքը փարատվեցա՞ վ,— հարցրի ես, երբ նա վերջացրուց իր խոսքը։
— Դեռ ոչ բոլորովին...։ Բայց ինձ համար միևնույն է...։ Սոնան լավ աղջիկ է... ես սիրում եմ նրան... դու էլ պետք է սիրես..․
Այս խոսքերը Մարոն արտասանեց կտրատելով, կարծես, նրա լեզուն այրուն Էին։ Բայց նա մեղավոր չէր, նախանձը տիրում է բոլոր կենդանիների սրտին, որոնց մեջ զգացմունք կա։
Հեռվից այժմ ավելի պարզ լսելի եղավ «ճգնավորի» երգի ձայնը։
— Այս կողմով գնանք,— ասաց Մարոն, նրան կգտնենք այն լեռների մեջ։
ԼԹ
ԾԱԾԿԱՄԻՏ ԱՍԼԱՆԸ ԲԱՑՎՈԻՄ է
Մենք գտանք «ճգնավորին» վանքից բավականին հեռու, լեռների մեջ, որ մոտ էին ծովեզրին։ Նա նստած էր մի քարանձավի մեջ, որի մուտքը նայում էր գեպի Լիմ անապատը։ Լուսավորված լուսնի արծաթափայլ շողքերով, այդ փոքրիկ կղզին երևում էր ծովվակի մեջ մի մռայլ բծի նման։ Քարանձավը, որի մեջ գտանք «ճգնավորին», մի հին միայնակյացի բնակարան էր, որի հատակի վրա դեռ մնացած փոսիկների մասին տակավին կային կենդանի ավանդություններ, թե նրանք առաջ էին եկել իր անձը աստծուն նվիրած մարդու ստեպ ծնրադրությունից։ Այնտեղ ճրագ չկար, բայց մի անկյունում վառվում էին մի քանի կտոր փայտեր, ոչ թե տաքացնելու համար, այլ լույսի համար։
Մի կողմում խորին քնի մեջ պառկած էր պառավ կախարդը։ «ճգնավորն» արթուն էր․ նա իր փառահեղ մորուքով նստած, մտածում