էր։ Նրա ծնկների վրա գլուխը դրած, ննջել էր փոքրիկ Հյութբին։— Հրաշալի՜ մի տեսարան էր այդ։
Երբ մենք ներս մտանք, «ճգնավորը» խիստ զգուշությամբ փոքրիկ վհուկի գլուխը դրեց իր վերարկվի վրա, որ նրա անուշ քունը չխանգարե, և վեր կացավ։ Նա գրկեց առաջ ինձ և համբուրեց, հետո գրկեց և Մարոյին։ Մարոն չընդդիմացավ նրան, որովհետև ոչ մի աղջիկ չէր կարող մերժել այն անմեղ շրթունքը, որ այնպես եղբայրաբար մերձեցան սիրելի օրիորդի շրթունքին։
Այնուհետև «ճգնավորը» ոտքից մինչև գլուխ զննելով ծպտյալ և զինվորված Մարոյին, ասաց․
— Ահա այդպես լավ է․ այդ սիրում եմ ես։
Մենք նստեցինք։
— Այժմ ես կխլեմ իմ դիմակը,— ասաց նա,— բարեկամներիս մոտ պետք չէ ինձ թաքնված մնալ։ Նա առեց իր կեղծամը, մորուքը և մեր առջև ներկայացավ Ասլանը իր բնական կերպարանքով։
Ես մի քանի խոսքերով հայտնեցի մեր գալու նպատակը, այնուհետև պատմեցի այն բոլորը, ինչ որ լսել էի Սոնայից «Կաթնաղբյուրի» ձորում, այլև հաղորդեցի նրան՝ ինչ որ ասել էին ինձ քեռի Պետրոսը և տերտերն իրանց վրանում։ Այնուհետև ավելացրի, թե որպիսի դավադրություն է պատրաստվում ծերունի որսորդի և նրա բարեկամների դեմ։ Իսկ Մարոն իր կողմից հայտնեց իր արած կարգադրությունները, թե Մըհեի ձեռքով նա արդեն բոյորը իմացում տված է իր հորը։
— Շնորհակալ եմ ձեր հոգածության մասին,— ասաց նա տխուր կերպով։— Բայց այդ բոլորը ես արդեն գիտեի։ Իմ աբեղայական կերպարանքը առիթ տվեց ինձ մտնել դավադիրների ժողովների մեջ որպես խորհրդակից։ Բայց նրանց ճիգը անզոր է․․․
Որպես երևում էր, Ասլանը շատ տխուր էր, և մեր այցելությունն այնքան հաճելի չէր նրան։ Գուցե նա չէր ցանկանում, որ իր կերպարանափոխությունը մերկացվեր մեր մոտ, գուցե նա մեզ այնքան անփորձ էր համարում, որ չէր կարող հավատալ մեզ իր գաղտնիքները, որ նա պետք է ծառայեցներ մեզ բոլորովին անհայտ նպատակների։
Առժամանակ մտածելուց հետո, նա խոսեց․
— Ես չեմ զարմանում գործերի այսպես լինելու մասին, այլ ցավում եմ, որովհետև ամեն ժամանակ, երթ հայի համար որևիցե դավաճանություն է պատրաստվում, նրա մեջ խառն է լինում