Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձյալ նույնիսկ հայի մատնիչ ձեռքը: Դա մի պատմական եղեռնագործություն է, որ սկսյալ ամենահին դարերից, խիստ հաճախ կրկնվել է մեր ազգի կյանքում։ Դա հայի վա՜տ հատկություններից մեկն է...

Ես առաջին անգամ տեսնում էի Ասլանին երկար խոսելիս, նա առհասարակ լուռ և ծածկամիտ երիտասարդ էր։ Բայց նրա խոսելու ձևը շատ տարբեր էր Կարոյից։ Կարոն ժողովրդի որդի էր նրա խոսքերն անտաշ էին և պարզ, բայց նրանց մեջ ուժ և զորություն կար, նրանք ազդում էին ավելի մարդու սրտի վրա։ Ասլանը ժողովրդի կրթված որդին էր, նրա խոսքերը կոկված էին և գեղեցիկ, ազդում էին ավելի մարդու մտքի վրա։

Նա շարունակեց.

— Թե ի՞նչ հետևանք կունենա մեր ձեռնարկությունը, մենք այժմեն նախագուշակել չենք կարող, միայն վստահ ենք նրա հաջողության մեջ, որովհետև մենք հետևում ենք բնության ընդհանուր օրենքներին։ Թե բնության մեջ և թե մարդկային կյանքում ոչինչ բան առանց պատճառի չէ կատարվում։ Մենք տեսնում ենք, ամեն մի ճնշված և սահմանափակված զորություն որքան ավելի սեղմվում է, այնքան ավելի զարգանում է նրա մեջ ընդդիմահարության ուժը։ Այնուհետև նա պիտի պայթի, նա պիտի խորտակե իրան սահմանափակող պատվարը և իր բնական ազատ ծավալականությանը պիտի հետևի։ Ժողովուրդը, ամբոխը նույնպես մի զորություն Է։ Նա երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող կոպիտ ձեռքին։ Նա վերջապես պիտի խլրտի, պիտի խորտակե իր շղթաները և պիտի թոթափե բռնակալի լուծը։ Րոպեն հասել է... այս դրության մեջն է այժմ մեր ժողովուրդը։

— Քեռի պետրոսները, տեր թոդիկները, — շարունակեց նա,— Ժողովրդի անհարազատ որդիքն են, նրանք կտրված են ընդհանրությունից, որովհետև իրանց եսական շահերին են ծառայում։ Նրանց թիվը փոքր չէ և ավելի ցավալին այն է, որ նրանք Ժողովրդի առաջնորդող մասն են կազմում։ Ահա այստեղ է մեր դժբախտությունը։

— Ի՞նչ առանձին շահեր պետք է ունենան,— հարցրի ես։

— Քեռի Պետրոսը մի երևելի քուրդ իշխանի տան «շահբանդան» է նա մատակարարում է բոլոր պիտույքներր, ինչ որ կհարկավորվի նրա տանը։ Նա այնպիսի ընդարձակ իրավունքներ ունի իշխանի տնտեսության մեջ, որ առանց նրա հաճությունը ստանալու, առանց նրանից հարցնելու, կատարում է բոլոր խնդիրները, բոլոր