ապսպրանքները՝ ինչ որ տանեցիք պահանջում են իրանից։ Սկսած ուտելեղեններից, հագուստից, մինչև ամենամանր բաները նա է տալիս։ Վաճառականությունից անտեղյակ քրդի հետ ցանկալի է այսպիսի առևտուր ունենալ։ «Շահբանդան» ինքն է գնահատում, ինքն է գրում իր տետրակների մեջ իր տվածը, և տարեգլխին հայտնում է մի ահագին գումարի պահանջ։ Միամիտ քուրդն ընդունում է, բայց նա փող չունի, որ պարտքը հատուցանե, բացի դրանից, նա զուտ արծաթով պարտք վճարելու սովորություն չունի։ Նա իր ստացած նյութը փոխարինում է ուրիշ նյութով։ Այս վերջինը նա ունի։ Բավական է միայն, որ իշխանը բարեհաճեր մի արշավանք գործել դեպի երկրի որևիցե կողմը, և ահա նա վերադառնում է ոչխարների, ձիերի, կովերի, գորգերի ու կապերտների ահագին ավարով։ Մի մարդ պետք է, մի վաճառականության գլուխ ունեցող մարդ, որ այս մթերքը տանե և մի հեռու երկրում արծաթի հետ փոխե։ Եվ ահա քեռի Պետրոսը պատրաստ է. նա ամեն տեղ ունե իր գործակալները գողացած ապրանքը «սաղացնելու» համար։ Նա իշխանից արծաթի պահանջ ունի և փոխարենը ստանում է այդ ավարը։ Իսկ գողացած ապրանքը միշտ էժան է լինում․․․
— Քեռի պետրոսները,— շարունակեց նա,— մի տեսակ ավազակներ են, միայն վաճառականի կերպարանքով։ Ամեն մի քուրդ իշխան ունի դրանցից մի-մի հատ։ Քեռի պետրոս ցանկալի է, որ իրանց իշխանը միշտ հաստատուն մնար իր անսահման իշխանության մեջ, թեև նրանք գիտեն, որ իրանց ստացած մթերքը հափշտակված է հազարավոր թշվառ հայերից։ Բայց փույթ չէ նրանց հայի արտասուքը, բավական է, որ իրանք շահվում են․․․
Ասլանը խոսում էր մեղմ և անվրդով կերպով, որպես թե շատ հասարակ առարկայի վրա լիներ նրա խոսքը։ Բայց նա խոսում էր առանց լռելու, որովհետև նրա սիրտը լցված էր։ Այդ ժամանակ ես չէի կարողանում առանց սարսափելու նայել Մարոյի երեսին, նրա շրթունքները դողում էին, գույնը ստեպ ստեպ փոփոխվում էր, և երեսի բոլոր արտասանության մեջ երևում էր խիստ կատաղի բարկությունը։
— Պետք է ոչնչացնել այս բոլոր քեռի պետրոսներին, — ասաց նա երկար լռությունից հետո։
— Դա մի առանձին օգուտ չի բերի, — պատասխանեց Ասլանը իր սովորական սառնությամբ։— Ոչնչացնելով մի հասարակության միջից ավազակներին, մենք դրանով ավազակությունը ոչնչացրած չենք լինի։ Դա ասիական կոշտ միջոց է չարությունը բառնալու։