Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նման են միմյանց. բոլորն էլ ավազակներ են. զանազանությունը միայն գողության տեսակի մեջն է։

— Բայց գողը այնքան վնասակար չէ, երբ մեկի ոչխարը, մյուսի ավանակը գողանում է. ասածները այնպիսի գողեր են, որ նրանց վնասը հասնում է մեր ամբողջ ժողովրդին։ Նրանք խիստ հարմար գործիքներ են մեր բռնակալների ձեռքում։ Նրանք ճնշում են, ոչնչացնում են ամեն զորություն, որ գործ է գրվում թշվառ ստրուկին հանգստություն պարգևելու համար։ Եվ այդ գողերը, այդ ավազակները, որպես ասեցի, մեր հասարակության առաջնորդող անձինքն են․․․

— Թողնենք մանր քեռի պետրոսներին, անցնենք դեպի խոշորները։ Սուլթանի դռան համարյա ամբողջ տնտեսական և գանձային կառավարությունը հայ սառաֆների ձեռքումն է։ Նրանք կրում են ավելի բարձր տիտղոսներ, — կոչվում են ամիրաններ: Տեսեք ի՛նչ է ամիրա սեղանավորի (սառաֆի) պաշտոնը, կառավարությունը տալիս է գավառների հարկահանությունը՝ միևնույն ժամանակ նրանց դատավորությունը փաշաներին կապալով։ Բայց նա փաշայի վրա վստահություն չունի, թե նա իր ժամանակին կներկայացնե նշանակած տուրքը։ Փաշան պետք է մի երաշխավոր տա։ Ամիրա սեղանավորը միշտ պատրաստ է այս երաշխավորությունը իր վրա ընդունելու, որովհետև նրա մեջ մեծ շահեր ունի, որովհետև փաշայի կապալառության վաստակի մի մասն էլ ինքն պիտի վայելե։ Բայց որտեղի՞ց է գոյանում վաստակը։— Բյուրավոր թշվառ հարստահարվածների քրտինքից։ Փաշան սարսափելի անգթություններով հավաքում է իրան հանձնված վիճակից տերության հարկը և ուղարկում է երաշխավոր սեղանավորին, իսկ սեղանավորն իր կողմից պետք է արծաթը ներկայացնե տերության գանձարանը։ Բայց նա զուտ արծաթ չէ տալիս, այլ փողի փոխարեն ետ է դարձնում գանձարանին թղթեր (փուսուլաներ), որոնց ինքը նույնպես փողի տեղ ընդունել էր գանձարանից։ Այսպիսով նա «սաղացնում է» իր ձեռքի թղթերը։ — Բայց ո՞րտեղից ընկան նրա ձեռքը այդ թղթերը,— հարցրի ես, լավ չհասկանալով Ասլանի վերջին խոսքերը։

— Սեղանավոր ամիրան,- պատասխանեց նա,- զանազան առևտրական հարաբերություններ ունի բարձրագույն դռան հետ․ կամ նա ընդունել է զորքը կերակրելու և հագուստ մատակարարելու պատվավորությունը և կամ նա իր ձեռքում ունի, օրինակ․ հարեմի տնտեսությունը։ Աշխարհի ամենապատվական գոհարներով