զարդարում է նա սուլթանի բազմաթիվ կնիկներին, և աշխարհի ամենաթանկագին փարչաները մատակարարում է նրանց հագուստի և պաճուճանքի համար։ Այս բոլորի փոխարեն նա չէ ստանում, որպես ասում են «նաղդ փող» — նրան տալիս են թղթեր միայն։ Ահա նույն թղթերն է, որ նա կրկին ետ է դարձնում գանձարանին իր երաշխավորության պարտավորությունը կատարելու ժամանակ։
— Հիմա դուք տեսա՞ք,— շարունակեց նա,— որ ամիրա սեղանավորը, բարձրագույն դռան տնտեսը, զորքի և հարկերի կապալառուն նույնպիսի ավազակներ են, որպես քուրդ իշխանի «շահբանդան» — որպես քեռի Պետրոսը։ Բшյց նույն «ամիրաներն» են մեր ազգապետները, նրանք են դարձնում մեր ազգի կառավարության գանձը դեպի ամեն կողմ, որ կողմը որ իրենը հանելի է..․։ Այժմ ի՞նչ հույս կարող ենք ունենալ նրանցից,— մեր արյունը ծծողներից, մեր աշխատության վաստակը մեր ձեռքից խլողներից.․.։ Նրանց համար միշտ ձեռնտու է մի անկարգ և բռնակալ կառավարություն, որի պղտորության մեջ կարողանում են որսալ իրանց շահերը։ Հայի արտասուքը և թափած արյունը նրանց չէ ազդում, նրանք իրանց քսակը հարստացնելու համար են միայն մտածում...
— Եվ այսպես, մեր ժողովրդի դրամատերերը, այսինքն այն անձինքը, որոնց ձեռքում կա նյութական կարողություն, փոխանակ օգնելու, որ մշակը և գյուղացին հաց և հանգստություն ունենան, ավելի իրանք են մաշում նրանց կենսական զորությունը, ավելի իրանք ամրացնում նրանց ստրկության շղթաները։ Թեև նրանք գործողությունները կատարվում են անուղղակի կերպով, բայց միևնույն է՝ լինել ավազակ, կամ ավազակի ձեռքում գործիք։ Բայց ազգը, միամիտ և տգետ ազգը պարծենում է իր «ամիրաների» փառքով, խոնարհվում է նրանց առջև, և խորին հարգությամբ մատուցանում է իր խոնարհ երկրպագությունը...
— Բայց ի՞նչպես է լինում, որ այսպիսի վատ մարդիկ մեծամեծ պաշտոնների են հասնում,— հարցրի ես։
— «Հայր հավատարիմ է, ասում է թուրքը, նա լավ ծառայել գիտե»... Այո՛, հավատարիմ է նա և նրա հավատարմությունը հնար է տալիս վայելել կառավարության վստահությունը։ Բայց հավատարմությունը բառը բռնակալի լեզվում ունի բոլորովին այլ նշանակություն,— նույնիսկ նշանակությունը, որպես ավազակապետը իր ձեռքի տակ եկող սրիկաներին իր հավատարիմ պաշտոնյաներ է կոչում։