Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասլանի ասածները ես բոլորը հասկանում էի, որովհետև իմ փորձած և տեսած բաներ էին։ Կարծես թե, ես բոլորը առաջուց գիտեի, թե ոչ մի անգամ իմ մտքով անցած չէին նրանք, և ոչ մի անգամ իմ ուշադրությունը գրաված չէին։ Կյանքի խոսքը միշտ հասկանալի է լինում մարդուն, որքան և նա անզգա լիներ, որովհետև այն խոսքը ուղղակի վերաբերում է նրա գոյության պահանջներին։

— Այս բոլորը հասկանում եմ,— ասեցի ես,— թե ինչու՞ քեռի պետրոսներն այսպես են վարվում, բայց չեմ հասկանում մի բան, թե մեր տեր թոդիկներն ի՞նչ շահ ունեն միանալու դրանց հետ։

— Դրանք էլ մի տեսակ վաճառականներ են, — պատասխանեց Նա, — դրանք էլ ունեն իրանց կրոնական մենավաճառությունները։ Զանազանությունը միայն վաճառքի նյութի մեջն է։ Եվ վաճառականը միշտ խաբեբա է, միշտ խարդախ է, միշտ անիրավ է։ Իբրև օրինակ, ես կխոսեմ միայն այս վանքի վանահայր Կարապետ վարդապետի վրա։ Դա առաջ տեր Հուսական որդու վանքի վանահայրն էր, որն այս կողմերի աննշան և ոչ այնքան արդյունավոր վանքերից մեկն է։ Նա մտածեց ձեռք ձգել սուրբ աստվածածնի վանքը, և ի՞նչ միջոցով. — խոստացավ մի քուրդ իշխանի, թե տարեկան արդյունքի կեսը նրան կտա, միայն թե նա օգնե իրան վանահայր լինելու, և այսպիսով հասավ իր նպատակին։ Եվ դուք ձեր աչքով տեսաք, թե ո՛րպես քուրդ իշխանի գործակալները, մտած մեր տաճարի սրբարանի մեջ, հսկում էին գանձանակների վրա։ Հիմա հարցնում եմ, դուք մի պարզ նմանություն չե՞ք տեսնում այս եկեղեցականի և կառավարության կապալառվի մեջ․․․։

Մեր խոսակցությունն ընդհատեց պառավ կախարդի ձայնը, որն իր անրջային զառանցությանը մեջ խոսում էր զանազան կցկրտուր և մեզ անհասկանալի խոսքեր։ Եվ զարմանալին այն է, որ նա խոսում էր խիստ մաքուր հայերեն լեզվով։ Նրա խոսքերի մեջ ստեպ լսելի էր լինում անունս Հռիփսիմե։ «Ես կայրեմ ամրոցը․․․ ասում էր նա. կխորտակեմ նրա պարիսպները... իմ Հռիփսիմեն այնտեղ տխուր է... ես կազատեմ նրան... մոտ է օրը... տագնապի մեծ օրը... արյուն, հուր և փոթորիկը կմաքրե այս երկիրը... Հռիփսիմե՛, շա՜տ տանջվեցար... ես կսրբեմ քո արտասուքը»...

— Այս պառավը միշտ խոսում է մի «ամրոցի» և այնտեղ պահված մի «աղջկա» մասին,— ասացի ես Ասլանին։

— Դա նրա ցնորքն է...— պատասխանեց նա.— խելագարները