Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են: Եվ այս ծույլ, ցնորամիտ «երկնաքաղաքացիների» ազդեցությանն ենք պարտական, որ մեր ժողովուրդն այսօր գտնվում է իր խորին բթամտության մեջ:

Բայց եղել են ժամանակներ և այն ժամանակները շա՜տ հին են, երբ մեր եկեղեցականներն այնպես չէին, որպես այժմ։ Նրանք դրանց նման անբնական կյանք չէին վարում. նրանք գերդաստանի հայրեր էին և ընտանիքների մեջ էին բնակվում։ Այս պատճառով, նրանք գիտեին, թե ի՛նչ է կյանքը, ի՛նչ է աշխարհը և ինչպես պետք է հոգ տանել նրա համար, որ մարդու ապրուստը հանգիստ ու բախտավոր լինի։ Գերդաստանի հայր լինելով, միևնույն ժամանակ նրանք ժողովրդի հայրն էին. ծնողական սիրո զգացմունքը առաջ էր բերել նրանց մեջ և խիստ ջերմ սեր դեպի ամբոխը, և բոլոր սրտով նվիրել էին իրանց անձը ժողովրդի բարօրությանը։ Իսկ այժմ չէ կարելի գտնել մի մարդ, որ այնպես վայրենի, անզգա և անտարբեր լիներ դեպի հասարակաց բարին, ինչպես մեր կուսակրոն եկեղեցականը։

Վանքն այն ժամանակ, այժմյան պես, աշխարհային գործերից փախած և իրան երևակայական հոգևոր ցնորքների նվիրած, ծույլերի բնակարան չէր։ Վանքն այն ժամանակ, այժմյան պես շնորհավաճառության, կախարդության և տեսակ-տեսակ մոլությունների հանդիսարան չէր։— Վանքն այն ժամանակ հոգևոր և մարմնավոր դպրոց էր, ուր անխոնջ միաբանությունը պարապած էր մանկտու կրթությունով, գրքերի թարգմանությունով, ինքնուրույն հեղինակություններով, և գիտությունն ու լույսը ժողովրդի մեջ տարածելով։

Եկեղեցականությունն այն ժամանակ, որպես կրոնի, եկեղեցու և կրթության, նույնպես և հայրենիքի ու պետության՝ հզոր պաշտպանն էր։— Եթե լինում էին մեր թագավորների ու նախարարների մեջ խռովություններ, եկեղեցականն էր նրանց մեջ հաշտեցուցիչ տարրը։ Եթե լինում էին թշնամու հետ պատերազմներ, եկեղեցականն էր ոգևորում ժողովրդին կռվելու, քաջությամբ կռվելու և պաշտպանելու իր հայրենիքը։ Եթե որևիցե թագավորի հետ պետք էր խաղաղության դաշն կապել, եկեղեցականն էր դեսպանախոսության գնում։ Եթե հայրենիքին վտանգ էր սպառնում և ուրիշ թագավորից պետք էր օգնություն խնդրել, եկեղեցականն էր միջնորդ դառնում։— Մի խոսքով, բարձր հոգևոր կառավարությունը խիստ սերտ կերպով կապված էր թագավորի իշխանության հետ. և երկու ներդաշնակ ուժեր, միացած մի ամբողջության մեջ,