Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաշվելով ամբողջ Վանա նահանգի քուրդ, թուրք և այլ մահմեդական ազգաբնակությունները, բոլոր հայերի կես մասը հազիվ են կազմում. բայց նրանք տիրում են ամենի վրա, որովհետև զենք ունեն, որովհետև կոպիտ և վայրենի ուժ ունեն։ Այս երկրներն անունով միայն պատկանում են Տաճկաստանին, բայց իսկապես տիրում են քրդերը: Այսպիսի բարբարոս ազգերի իշխանության ներքո, որոնք ամենևին կրթության ընդունակ շեն, անհնար է մի ուրիշ, ավելի ընդունակ ազգության զարգանալ և մարդկային առաջադիմության ձգտել։ Ահա՝ գլխավոր պատճառը, թե ինչո՞ւ այստեղ հայերն այսքան ետ են մնացել, և այսպես խավարի մեջ են ապրում։ Կրկնում եմ, հայը ընդունակ է կրթության, որովհետև նա քրիստոնյա է, որովհետև նա ունի հարուստ լեզու և ճոխ, բազմակողմանի գրականություն. նա ունի պատմական անցյալ։ Մի քրեական հանցանք է դա մարդկության դեմ, թողնել մի այսպիսի ազգություն, որ բարոյապես, մտավորապես և ֆիզիկապես ոչնչանա վայրենի քրդի ու թուրքի լծի տակ։ Հայը և ասորին կարող են արևելքում գիտության և կրոնի առաքյալներ լինել, ինչպես եղել են առաջ, բայց նախ պետք է նրանց ազատություն տալ։

Բայց երբեք օտարը մարդու համար չէ մտածում, քանի որ նա ինքն իր մասին անհոգ է։ Ռամկական առածն ասում է՝ «մինչև տղան լաց չէ լինում, մայրը ծիծ չէ տալիս»։ Բայց մենք այդ էլ փորձեցինք, շա՛տ լաց եղանք, շա՛տ աղաղակեցինք, բայց մեր ձայնը լսող չեղավ...։ Որովհետև ամբողջ աշխարհն իր փորի և քսակի համար է մտածում...։ Որպես Կ. Պոլսի «ամիրա» սեղանավորը, իր անձնական շահերի պատճառով, միշտ խնկարկում է մի փտած և անկարգ կառավարության և միշտ նրա տևողականության համար է աղոթում,— այնպես էլ կան ամբողջ քրիստոնյա-պետություններ, որոնք թուրքի հետ առևտրական հարաբերություններ ունեն, և իրանց մասնավոր շահերի պատճառով թողնում են, որ զանազան խեղճ ազգություններ թուրքի բռնակալության տակ ճնշվեն։— Նրանք վաճառականներ են, վաճառականի սրտից միշտ հեռու է մարդասիրական զգացմունքը...

Օտարի օգնությունից մեզ շահ չկա։ Դժբա՜խտ է այն ազգը և մի՜շտ դժբախտ կմնա, որ օտարի օգնությանը կարոտ կլինի։ Ոչ ոք իր հոր հոգու համար մեզ չի օգնիլ. նա պետք է տասը թան առնե մեզանից, որ մի բան տա։ «Ողորմություն խնդրողի երեսը միշտ սև կլինի և քսակը դատարկ»: Մարդ պետք է իր սեփական աշխատությամբ և իր ուժովը ոտքի կանգնե։ Օտարի օգնությունը նման