Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մի նեցուկի, որը հենց որ ետ քաշեցիր, կտեսնես, դարձյալ ցած կընկնի նրա վրա հենված առարկան...

Մեր գլխավոր օգնականն է մեր երկրի բնությունը—նրա տեղագրական դիրքը: Վան-Տոսպը իր անմատչելի լեռներով, իր անդնդախոր ձորերով և իր նեղ փապարներով մի հսկայական ամրոց է. այստեղ շատ դժվարությամբ կարող է մուտք գործել օտար և ինքնակոչ հյուրը։ Այստեղ շատ անգամ հռոմայեցիք, հույները, պարսիկները, մարերը և արաբացիք կորցրել են իրանց լեգեոնները։ Վանա նահանգը բնությունից պատրաստված է հայերի համար ազատ կեցության կենտրոն լինել: Նա իր չորեք կողմում ունի այնպիսի գավառներ, որոնք մինչև այսօր շատ խիտ բնակեցրած են հայերով։ Հյուսիսից բռնած է Արզրումի ընդարձակ նահանգը Կարսի, Բայազեդի և Մագվի գավառներով։ Հարավից՝ Դիարբեքիրի նահանգը Սասնո և Մոգաց գավառներով։ Արևմուտքից տարածվում է ընդարձակ Տարոնը՝ Բաղեշի և Մուշի գավառներով։ Արևելքից՝ Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և Ռավանդուզի գավառները։

Բացի հիշյալ նահանգներից և գավառներից, որոնք շրջապատում են Վան-Տոսպը, մենք հարավ-արևելյան կողմում ունենք մի լավ դրացի—լեռնային Ջոլամերիկը, որ իր վայրենի դրությամբ կարող է Հայաստանի Դաղստանը համարվել։ Այս երկիրը, որ մեր հին Տմորիք կամ Կորդիք գավառն է, այժմ բնակեցրած է ասորիների ջոլո կոչված ցեղով, որոնք նեստորական քրիստոնյաներ են։ Ջոլոն մի քաջազնական ժողովուրդ է, որ սկսյալ անհիշելի ժամանակներից, Ջոլամերկի լեռներում պահպանել է իր անկախությունը։ Քրդի և թուրքի իշխանությունը մինչև այսօր այնտեղ մուտք չէ գործել։ Բայց ի՞նչ է պատճառը։ Ջոլոները թվով այստեղի հայերից շատ փոքր են. նրանց թիվը հազիվ թե 50 հազարի է հասնում, կնշանակե Վանա նահանգի հայ ազգաբնակության ութերորդ մասը։ Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ նրանք ազատ են:

Ջոլոները բոլորը զինվորված մարդիկ են. նրանց կանայք, աղջիկներն մինչև անգամ զենք են կրում։ Նրանք հասկացել են, թե առանց սրի մեր դարում չի կարելի գլուխ պահել։ Հրեշտակները միայն չեն կրում, որովհետև պաշտպանելու ոչինչ չունեն. բայց նրանք էլ հարկավորված միջոցում զինավորվում են...

Ջոլոները կառավարվում են իրանց պատրիարքի իշխանության ներքո, որ կոչվում է Մար-Շիմոն. դա ժողովրդի հոգևոր և մարմնավոր իշխանն է։ Այժմյան Մար-Շիմոնը մի քաջ երիտասարդ է, որ միացրել է իր ձեռքում Քրիստոսի խաչը և ազատության սուրը: