Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպիսի բաներով գրավել նրան և տարածել նրա մեջ ընթերցասիրություն։ Այլ հնար չկա,— պատասխանեց պատմաբանը։

— Ահա այդտե՛ղ է գլխավոր սխալը,— նրան պատասխանեց Բաքոսյանը։— Փոխանակ զարգացնելու ժողովուրդը գրական մտքերով դուք կրկին կամենում եք ծանրացնել նրա բանը միջնադարյան փիլիսոփայության մեջ։

— Ապա ի՞նչ պետք էր գրել։

— Ես ասացի, որ լրագրությունը պիտի լինի ժողովրդի առօրյա պիտույքների և պահանջմունքների արտահայտություն։ Ահա թե ի՛նչ կարելի էր գրել, օրինակի համար,— թե գրավոր և թե գործնական կերպով համոզել վաճառականներին կազմել ընկերություններ և կանոնավոր առևտրական տներ։ Արհեստավորներին քարոզել, որ բաց անեն արվեստագիտական ուսումնարան: Գյուղացիների համար աշխատել, որ լինեն գյուղատնտեսական ընկերություն, գյուղական փոխատու ընկերություն, և այլ դրանց նման նպաստող հիմնարկություններ։

— Այդպիսի քարոզներ մենք շատ անգամ լսել ենք. դրանք բոլորը երազներ են, մեզանում ոչինչ չէ կարելի գործել, — ասացին բարձր ուսում ստացած պարոնները և արհամարհական ծիծաղով բոլորը հեռացան։

«Ողորմելինե՜ր...», ասաց յուր մտքում նրանց գնալուց հետո Բաքոսյանը։

Զ

Կյուրակի օր էր։

Արտեմ Պավլիչը, վաղ առավոտյան մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր մեյդանը, որ ճաշի համար ձկներ և այլ բաներ առնե, որ այնուհետև եկեղեցի գնա ու պատարագ տեսնե։

Արտեմ Պավլիչը արդեն վաթսուն տարեկան մարդ էր։ նա յուր հաստ փորով, հաստ գլխով և բավականին հաստ քսակով ոչ միայն համարվում էր քաղաքի հարուստներից մինը, այլ ճանաչում էին նրան որպես շատ փորձված ու խելացի մարդ։ նա ուներ հոյակապ երեքհարկանի տուն, խանութներ, մշակության դաշտեր, և երեք գույնզգույն մեդալներ, որոնք տոն օրերին միմյանց պոչից կապած, քարշ էր տալիս յուր շլինքից։

Ւսկ տիկին Մարիամր, այն բարի և առաքինի աստծու գառնուկը, շնչում էր մայրական ոգու բոլոր քնքշությամբ։ Նա գթառատ մայր էր և ժիր ու գործունյա տանտիկին։