ընկերներն, այսուամենայնիվ, մտածում էի, թե լավ է նրանց հետ լինել, նրանց հետ գործել,— նրանք ազնիվ մարդիկ են։ Այս պատճառով, երբ Ասլանը հայտնեց, թե «մի գործի» համար միտք ունի Վան քաղաքը գնալ, ես աղաչեցի, որ ինձ էլ իր հետ տանե։ Նա չհոժարվեցավ, ասաց, թե դու եկել ես ծերունի որսորդի ընտանիքի հետ, պետք չէ նրանց անտեր թողնել։— Մարոն մեզ մոտ էր, նա լսեց այս խոսքերը և իրան հատուկ արհամարհական ոճով պատասխանեց, թե ես շատ հարկավոր չեմ նրանց, թե նրանք առանց ինձ էլ կարող են տուն վերադառնալ, թե որսորդի ընտանիքին ոչ ոք չի համարձակվի մոտենալ։ Ով որ չէր ճանաչում Մարոյին, կարող էր վշտանալ այս խոսքերից, բայց ես գիտեի նրա սիրտը, թե որքան բարի էր նա, այս պատճառով նրա խոսքերը շարժեցին իմ ժպիտը միայն։
Երեկո էր։ Այս խոսակցությունն անց էր կենում մեր մեջ մի բլուրի վրա, որ բավականին հեռու էր վանքից. այնտեղ գնացել էինք Մարոյի հետ «տիրամոր ծաղիկներ»[1] քաղելու, ուր և հանդիպեցանք Ասլանին։ Նա դարձյալ կերպարանափոխ էր եղած։ Այժմ նմանում էր մի վանեցի վաճառականի։
Մարոն ևս իր կողմից խնդրեց Ասլանից, որ ինձ վեր առնե իր հետ, ասելով, թե ես ամենևին քաղաք չէի տեսել, հարկավոր էր ինձ քաղաք տեսնել, և մենք երկուսս էլ երկար թախանձելուց հետո, վերջապես նրան ընդունել տվինք։
— Ես դուրս եմ գալու հենց այսօր, արևը մտնելեն հետո,— ասաց նա.— մնում է մեկ ու կես ժամ։
Ես խնդրեցի մի փոքր սպասել, մինչև ես գնամ մորս և քույրերիս հետ տեսնվեմ։
— Սպասել կարող չեմ,— ասաց նա,— վաղը չէ մյուս օրը առավոտյան ես պետք է Վանում գտնվեմ։
— Ուրեմն, դու գիշերները չի՞ պիտի հանգստանաս, որ կարողանաս հասնել,— հարցրուց Մարոն:
— Ոչ,— պատասխանեց նա,— որովհետև երեք օրվա ճանապարհ է։
— Ուրեմն ես չի՞ պիտի կարողանամ տեսնել մորս։
- ↑ Դա մի տեսակ դեղնագույն ծաղիկ է մանրիկ և ցամաք թերթիկներով, որոնցմով լի է վանքի շրջակայքը. այս պատճառով է կոչվում «անթառամ ծաղիկ»․ նվիրված է աստվածամորը, երկնքի անթառամ կույսին։