Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու էլ ինձ խոսք ես տվել...

— Տվել եմ, ճշմարիտ է, բայց ես չեմ ուզում ուրիշի սիրո փշրանքովը կշտանալ...

Ես թեև հասկացա, թե ինչ ասաց նա, բայց դարձյալ հարցրի.

— Ի՞նչ է Նշանակում այդ։

Նա իսկույն չպատասխանեց, բայց ես նկատեցի, որ նրա աչքերը վառվում էին բարկության բոցով, և նա վերջապես պատասխանեց բոլորովին կատաղած կերպով.

— Ես գիտեի, որ դու խիղճ չունես, բայց հիմա տեսնում եմ, որ դու խելք էլ չունես։ Ես չեմ կարող սիրել այն մարդուն, որ խաբել գիտե...

— Ուրեմն մեր մեջ ամեն ինչ վերջացած է։

— Հենց այն րոպեից, երբ «Կաթնաղբյուրի» ձորում, Սոնան քո մոտ նստած, իր անբախտությունն էր պատմում...

Մարոյի խոսքերն որքան և վիրավորական լինեին, որքան և կծու լինեին, բայց նրանք ուղիղ էին։ Ես զգում էի իմ մեղքը, ո՛չ բարկանալու և ո՛չ ներողություն խնդրելու իրավունք չունեի...

Առժամանակյա լռությունից հետո նա հարցրուց.

— Եթե դու ուզում ես, որ մենք դարձյալ բարեկամներ մնանք, պետք է սիրես Սոնային։

— Ես ուզում եմ, որ մենք մնանք այնպես, ինչպես էինք առաջ...

— Դա անցավ։ Պատասխան տուր, ինչ բանի համար հարցը հարցնում եմ քեզանից։ Կսիրե՞ս Սոնային, թե ոչ։

— Իմ խոսքը հենց այն է...

Նա կանգնեց կես ճանապարհի վրա. ես նշմարեցի, նա ամբողջ մարմնով դողում էր, և գունատված դեմքի վրա նկարված էր վայրենի կատաղություն։

Այստեղ մենք բաժանվում ենք,— ասաց նա աշխատելով զսպել իր վրդովմունքը։— Դու այլևս չես կարող ոտք կոխել որսորդի վրանը։ Սպասի՛ր այստեղ, ես կգնամ, կուղարկեմ քո ձին և զենքերը, ուր որ ուզում ես, գնա։

— Ուրեմն դու արտաքսում ես ինձ։

— Ինչպես կուզես, այնպես հասկացիր...

— Անգո՜ւթ...

Նա շուռ տվեց երեսը, որ ես չտեսնեմ և շարունակեց շտապով գնալ դեպի ուխտավորների բանակը։ Որքան էլ խռոված լինեի ես, դարձյալ չէր կարելի չնկատել նրա աչքերում արտասուքի