Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն կաթիլները, որոնք դուրս ցայտեցին հրեղեն գնդակների նման:

Մինչև այսօր և գուցե հավիտյան, չեմ կարող մոռանալ այն վշտահար դեմքը իր արդար-վրեժխնդրական զարհուրանքով...

Ես բոլորովին սառեցա, մնացի քարե արձանի նման կանգնած: Աչքերիս առջևը մթնեց, ոտքերս դողացին և անշունչ դիակի նման գլորվեցա գետին...

Մութը բոլորովին պատել էր, երբ հուշի եկա։ Ո՜րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ գլուխս Մարոյի գրկումը գտա: Նա համբուրեց իմ ճակատը, ասելով։

— Դու կներես ինձ, Ֆարհատ, ես քո սիրտը կոտրեցի...

Նա սկսեց դառը կերպով հեկեկալ։

— Քո վերքը վտանգավոր չէ, Ֆարհատ, ես լվացի նրան, փաթաթեցի, արյունը բոլորովին դադարել է։ Այժմ դու լավ ես։

Եվ իրավ, ես զգացի, որ ամբողջ մարմնով շաղախված եմ արյան մեջ։ Իսկույն հասկացա, որ վայր ընկնելու միջոցին գլուխս դիպցրել էի քարին, և Մարոն այդ տեսնելով, ետ էր դարձել ինձ օգնելու համար:

— Ես պատճառ եղա...— ասաց Մարոն,— ես կսիրեմ, մի՜շտ կսիրեմ քեզ։ Մի՛ նախատիր ինձ, Ֆարհատ։

Եթե մեռած ևս լինեի, այս խոսքերը կարող էին կենդանացնել ինձ։ Բայց արյան չափազանց հոսումը բավականին սպառել էր իմ ուժերը։ Ես կարծես երազի մեջ լսում էի նրա խոսքերը, կարծես, երազի մեջ զգում էի նրա ջերմ շրթունքների հպավորությունը, որ ստեպ-ստեպ սեղմվում էին իմ երեսի վրա...

Մին էլ զգացի՝ մի հսկայական ձեռք վեր բարձրացրուց ինձ գետնից և ծտի նման գցեց ուսին, և ինձ լսելի եղան Մըհեի խոսքերը.

— Սատանան տանի... մի պստիկ ծվատվելուց ընկած է գետին, կթրթփա... չի էլ ամաչում... արյունից սիրտը կմարի՞...

Ես արթնացա մյուս անգամ, երբ գիշերից բավական անցել էր։ Ծերունի որսորդի վրանի մեջ աղոտ լույսով վառվում էր յուղն սպառված լապտերը։ Մարոն միայնակ նստած էր իմ մոտ. վրանում բացի մեզանից, ոչ ոք չկար, մյուսները քնած էին դրսումը։ Մարոյի առաջին հարցմունքն եղավ, թե ի՞նչպես եմ զգում ինձ։ Ես պատասխանեցի, թե լավ եմ, միայն շատ ցավում եմ, որ ետ մնացի Ասլանի հետ ճանապարհորդելուց։

— Մըհեն այստեղ է,— ասաց նա,— երբ բոլորովին կառողջանաս,