էին, որ ձիս չէր կարողանում առաջ գնալ։ Մըհեն կատագության չափ բարկացած էր. «թո՛ղ էս անպիտանին,— ասում էր նա,— ես չեմ իմանում ի՞նչ բանի պետք է»։ Մըհեի հետ վիճել այն քարերի մեջ, հիմարություն կլիներ, պետք էր նրա գլուխը մի կերպով շոյել։ «Դա Կարոյի ձին է, ասում էի ես, նա է ընծայել ինձ, դու խո Կարոյին սիրո՞ւմ ես»։
Մըհեն Կարոյի վրա մեծ համարում ուներ, նրա անունը տալու ժամանակ նա մեղմանում էր. այսուամենայնիվ ձին մեզ հետ քարշ տալը վերջապես բոլորովին անհնարին եղավ։ Մըհեն հայտնեց, եթե ես հաճություն կտայի, նա կարող էր մի մարդ գտնել և ձին նրան հանձնել, որ հետո ուրիշ ճանապարհով բերեր և հասցներ մեզ։ Եվ ավելացրուց, թե ինքը շտապում է, շատ է շտապում, ձիան դանդաղ ընթացքով գնալ չէ կարող, որովհետև Ասլանի վրա նամակ ունի, պետք է շուտով հասցնի, և դրա համար ընտրեց դժվարին, բայց կարճ ու կտրուկ ճանապարհը։
Ես տեսա, որ Մըհեի առաջարկությունն ուներ իր առանձին կարևորությունը, բայց ո՞րտեղից մարդ գտնել և ո՞ւմ հանձնել ձին։— «Ես կգտնեմ», ասաց նա և պատվիրեց ինձ մի փոքր սպասել ձիան մոտ, իսկ ինքը առաջ վազեց և մի րոպեում բարձրացավ սարի գլխին, սկսեց այնտեղից նայել իր շուրջը։ Նա արծվի սրատեսություն ուներ, շատ հեռվից տեսավ մի հովիվ, որ արածացնում էր ոչխարներ։ Այնուհետև նա իր մատները փողի ձևով գալարելով դրեց բերնին, և այնպիսի մի որոտալիք ձայն արձակեց, որի արձագանքը կրկնվեցավ լեռնեցի հեռակայքում։ Քանի րոպեից հետո նույն ձայնով պատասխանեցին։ Ես առաջին անգամ տեսա, թե լեռնեցի մեջ ինչպես են հեռվից-հեռու խոսում։
Շատ չանցավ, մեզ մոտ հայտնվեցավ հովիվը․ դա մի քուրդ էր։ Մըհեն մի քանի խոսք ասաց նրան քրդերեն, հետո ձին հանձնեց։
— Հիմա մենք գնանք,— ասաց ինձ։
— Ո՞ւր գնանք, դու ձին տալիս ես ավազակին և կարծում ես, թե նա կդարձնե՞ մեզ։
Մըհեն իր առանձին եղանակով հանգստացրուց ինձ, ասելով, թեև ինքը գիտե, որ նա ավազակ է, բայց մի բան, որ հանձնում ես ավազակին որպես ավանդ, նա սրբության պես պահում է և կրկին դարձնում է իր տիրոջը։ Բացի դրանից, ավելացրուց նա, թե ինքը տեղեկացավ, որ այդ հովիվը ո՛ր քրդի հոտերն է արածացնում, եթե նա անհավատարիմ կգտնվի իր պարտավորության