մեջ, ինքը Մըհեն կարող է մի ձիու փոխարեն հափշտակել նրա աղայի ամբողջ երամակը։
Այս բաները, իհարկե, Մըհեն ինձանից չավ էր հասկանում. ես համաձայնվեցա, միայն հարցրի, թե մինչև ե՞րբ կարող էր նա հասցնել մեզ ձին։
— Մի օրից հետո,— պատասխանեց նա,— որովհետև այն ճանապարհը, որտեղից նա պետք է ձին բերե, մի օրով երկար է։
Մենք շարունակեցինք գնալ։
— Բայց մենք ե՞րբ կարող ենք հասնել այն տեղը, որտեղ այժմ գտնվում է Ասլանը,— հարցրի ես Մըհեից։
— Թե որ ամբողջ գիշերը գնալու լինենք, էգուց կեսօրին կհասնենք,— ասաց նա։
— Ամբողջ գիշերն ի՞նչպես կարող ենք գնալ առանց հանգստանալու, ես հիմակվանից հոգնած եմ։
— Թե որ չես կարող,— ասաց նա խիստ սառը կերպով,— ես քեզ թող կտամ, ինչպես քո ձիուն։ Ես նորահարսի հետ քայլելու համբերություն չունեմ...
Ես մեղմությամբ պատասխանեցի.
— Մըհե, դու իմանում ես, որ ես սովոր չեմ այսպիսի քարերի մեջ ոտքով երկար ման գալ։
— Հիմա սովորի՛ր։
— Կսովորեմ, բայց մի անգամով չէ կարելի։
— Թե որ հոգնես, քեզ կառնեմ շալակս։
— Ես խո երեխա չե՞մ։
—Ապա ի՞նչ ես,— հարցրուց նա վայրենի ժպիտով։
Ես ոտքով ճանապարհորդելու մեջ շատ թույլ չէի, բայց ինձ թուլացրել էր գլխիս վերքը և արյան չափազանց սպառվիլը։ Բայց Մըհեի նման երկաթի մարդու ծիծաղը միայն կշարժեր, եթե նրան ասեի, թե վերքիս պատճառով է, որ ես չեմ կարողանում նրա հետ ընթանալ։ Նա իր մարմնի վրա ուներ անթիվ մեծամեծ սպիներ, որոնք ստանալու ժամանակ երբեք թուլացած չէ եղել...
Արևը մտավ։ Բարեբախտաբար այն գիշեր լուսնկա էր։ Ես ստիպված էի հպատակել իմ խստասիրտ ուղեկցի կամքին։ Գիշերային հովասուն պահուն ճանապարհորդությունը շատ հոգնեցուցիչ չէ լինում, այսուամենայնիվ, երբ կեսգիշեր դարձավ, ես բոլորովին թուլացա։ Մըհեն նկատեց այդ, երևի նա խղճաց իմ վրա։— Մի փոքր էլ գնանք, ասաց, նա, ձորի մեջ հովիվների վրաններ կան, քեզ այնտեղ կհանգստացնեմ։ Բայց Մըհեի լեզվով ամեն