խոշոր բան փոքր էր, ամեն երկար բան կարճ էր: Լուսաբացին երկու ժամ մնացած, մենք հազիվ կարողացանք հասնել այն ձորին, որ Մըհեն ասում էր, և իրավ, այնտեղ գտանք հովիվների վրաններ: Բայց կատաղի շները չէին թողնում մոտենալ, իսկ վրանների մեջ բոլորը քնած էին։ Մըհեն ինձ ավելի երկյուղ տվեց, ասելով թե շների ձայնից հովիվները կզարթնեն, և մեզ ավազակներ կարծելով, գուցե հրացանով հեռվից կզարկեն: Բայց ես այնքան հոգնած էի, որ Մըհեի խոսքերը բանի տեղ չդրեցի, ես պատրաստ էի ամեն վտանգ հանձն առնել, գե՛թ մի փոքր հանգստանայի:
Բայց Մըհեն հեռվից մի տեսակ ձայն արձակեց, որի միտքը այն էր թե՝ «հյուր ենք»։ Վրանների գիշերային պահնորդներից երկուսը մոտեցան մեզ։ Մըհեն այժմ սկսեց խոսել հայերեն։ Այլևս երկար բացատրություններ պետք չէին. մեր հայ լինելը փարատեց նրանց կասկածանքը, և իսկույն ընդունվեցանք։ Հովիվները հայեր էին։ Մեզ տարան տանուտերի վրանը, որ հովիվների գլխավորն էր: Տանուտերի մեծ որդին ընդունեց մեզ, իսկույն վառել տվեց փայտյա լուցկիներ ճրագի տեղ, և առանց մեզ հարցնելու, հրամայեց ուտելու մի բան պատրաստել։ Ես հայտնեցի, թե ուտելու ամենևին ախորժակ չունեմ, թե շատ կցանկանայի ինձ մի անկյուն շնորհեին, որ մի փոքր քնեի և հանգստանայի:
— Թող նա քնե,— ասաց Մըհեն,— ես ուտել եմ ուզում, գայլի պես քաղցած եմ:
Վրանի մի կողմում, ուր պառկած էին մի քանի երեխաներ, ինձ համար պատրաստեցին անկողին, գլուխս բարձի վրա դնելն և աչքերիս փակվիլը մին եղավ։ Ո՜րքան դուր է գալիս քունը վաստակած մարմնին, ո՜րքան քաղցր է լինում նա, մանավանդ հովվի խաղաղ վրանի տակ...
Քանի՞ ժամ քնել էի, ես չգիտեմ, միայն երբ արթնացա, արեգակը կանգնած էր կեսօրվա տեղում։ Մըհեն չկար, նա անհայտացեք էր։ Տանուտերը, որ մի ծերունի մարդ էր, պատմեց, թե քո ընկերը հեռացավ այստեղից հենց գիշերով, երբ իր քաղցը մի փոքր հագեցրուց։ Ասաց, թե նա սաստիկ շտապում էր, այս պատճառով սպասել չկարողացավ։
Ես շատ բարկացա կիսախելագար Մըհեի մի այսպիսի վարմունքի վրա, և մտքումս սկսեցի նախատել Մարոյին, որ ինձ այն