Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմարի ձեռքը գցեց: Բայց տանուտերն ինձ հանգստացրուց, ասելով.

— Դու քո սիրտը մի՛ դառնացնի, դու օտար տեղում չես, այստեղ քո տունն է, հանգստացի՛ր, բայց երբ կկամենաս գնալ, այն ժամանակ իմ որդիներից մեկը կտանե քեզ այնտեղ, ուր պետք է գնայիր։

— Բայց ես չեմ իմանում, ո՞ւր պետք է գնամ. այն հիմարը պետք է տաներ ինձ,— պատասխանեցի դարձյալ վրդովված կերպով։

— Մենք գիտենք,— ասաց ծերունին հանդարտությամբ։— Քո ընկերը պատվիրեց. մեզ, որ քեզ հասցնենք Ս.-բեկի վրանները. նրա արոտամարգերը շատ հեռու չեն այստեղից։

— Ո՞վ է Ս.-բեկը։

— Եզիդիների գլխավորն է։

Ես մի փոքր հանգստացա, մանավանդ, երբ մտաբերեցի, որ Մըհեն նամակ ուներ Ասլանին հասցնելու, դրա համար նա շտապում էր, նա չէր կարող իմ դանդաղ քայլերին համբերել։

Տանուտերի խոսքերից երևաց, որ Մըհեն չէր հայտնել նրան մեր իսկական նպատակը, թե ինչ գործով էինք գնում եզիդիների գլխավորի մոտ և ոչ Ասլանի մասին հիշել էր մի բառ։ Նա հնարել էր մի խոշոր սուտ, իբր թե մենք սուրբ տիրամոր ուխտավորներ ենք, այնտեղ գողացել էին մեր ձին, և լսելով, թե ձին եզիդիների ցեղի մեջն է տարվել, այժմ գնում էինք այնտեղ ձին գտնելու։ Մըհեի սուտը մասամբ ճշմարիտ էր, որովհետև նա իմ ձին հանձնեց մի հովվի, որ եզիդիների ցեղին էր պատկանում, և գուցե այնտեղ կգտնեինք, ուր պետք էր մեզ գնալ։

Ծերունի տանուտերը, իր նահապետական բնավորության հարմար, միշտ աշխատում էր մի բանով հյուրասիրել ինձ, որ ես ուտեի, խմեի և ուրախ լինեի։ Դուք, ասում էր նա, անպատված կլինեք իմ վրանը, եթե դժգոհ հեռանաք այստեղից։ Բայց ինչ որ աչքի էր զարկում, այն էր, որ նրա հարսները, աղջիկ թոռները, ոչ մեկը չէր թաքչում ինձանից, ոչ մեկը երեսը չէր ծածկում, որպես սովորություն է Պարսկաստանի հայ կնիկների մեջ։ Նրանք բոլորը խոսում էին ինձ հետ, որպես թե ես նրանց վաղեմի բարեկամը լինեի։ Եվ նրանց խոսակցությունն այնքան պարզ և անմեղ էր, որ չէր կարելի չհամակրել նրանց։

— Դու քույր ունե՞ս,— հարցնում էր մի հասուն օրիորդ։

— Ունեմ, երկուսը,- պատասխանեցի ես։