— Նրանք քեզ համար գուլբաներ գործում ե՞ն, քո ոտքերը մաժո՞ւմ են քնելու ժամանակ։
— Ո՛չ, նրանք ծույլ են:
— Եվ դու նրանք չե՞ս ծեծում։
Մեկը ուրիշը հարցնում էր.
— Քո քույրերն այսպիսի ականջի օղեր ունե՞ն,— և ցույց էր տալիս իրը։— Տե՛ս, եղբայրս է առել:
— Չունեն,— պատասխանում էի ես։
— Բայց դու նրանց չե՞ս սիրում։
Հարսներից մեկը հարցրուց.
— Քո նշանածը քա՞նի տարեկան է։
— Ես նշանած չունեմ,— պատասխանեցի։
— Հը՜մ, դու երևի քաջ տղա չես, որ աղջիկները քեզ չեն հավնում,— նկատեց նա ծիծաղելով։
— Կարելի է դա նրանց չէ հավնում, — մեջ մտավ մյուս հարսը:
— Կարելի է վարդապետ է ուզում դառնալ,— ասաց մեծ մայրը։
Բայց իմ սիրտն այնքան լցված էր, որ ես այս կատակները ախորժակ չունեի լսելու։ Իմ պատասխանները լինում էին սառն և անհամ, այնպես, որ նրանք շուտով ձանձրացան։
Բայց տանտիրոջ որդիքն ամենևին խոսակցության մեջ չէին մտնում, երևում էր, հոր մոտ համարձակություն չանեին խոսելու։ Իսկ բոլորը զինվորված էին. ինքը տանուտերն իր ծեր հասակով գոտկում խրած ուներ մի զույգ ատրճանակներ։ Երբ ես հարցրի, թե խաղաղության ժամանակ, իր օթևանի ծածկի տակ, ի՞նչ պետք կար զենք կրելու, տանուտերը պատասխանեց.
— Մենք մեր ձեռքը մեզանից չենք կտրում, և դեն չենք գցում, երբ որ անգործ ենք մնում։
— Բայց ձեռքը մեզ ուրիշ ժամանակ պետք է։
— Սուրն էլ նույնպես,— ասաց նա, և ապա տվելացրուց. — ասված բոլոր անասուններին զենք է տվել, որովհետև թշնամի ունեն։ Մարդուն զենք չէ տվել, բայց խելք է տվել զենք շինելու։ Անասունը իր կարճ խելքով միշտ իր զենքր իր վրա է պահում, բայց մենք հիմար կլինեինք, թե առանց զենքի մնայինք, որովհետև մեր թշնամին ավելի կատաղի է։
— Ո՞վ է մեր թշնամին, — հարց արի ես միամտաբար, ծերունուն փորձելու մտքով։
— Չե՞ս իմանուվ, քո ձին ո՞վ գողացավ,— հարցրուց նա: