Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քուրդը:

— Հիմա իմացա՞ր, մեր թշնամին նա է, որ մեր ունեցածը մեր ձեռքից խլում է։ Դու ճանապարհ ես գնալու, ի՞նչ կանես, եթե մի քուրդ գա և իր նիզակը կուրծքիդ դնելով, ասե, դե՛, մերկացի՛ր։

— Ի՞նչ պետք է անեմ, կմերկանամ, ինչ որ ունեմ բոլորը կտամ։

— Այն ժամանակ առանց շապիկի կմնաս։

— Ուրիշ ի՞նչ ճար կա։

— Ի՞նչու չկա,— հարցրուց ծերունին մի փոքր բորբոքվելով։ — Քրդի մարմինը խո երկաթից չէ շինած, նա էլ մեզ նման մարդ է։ Դու էլ կարող ես քո նիզակը նրա կրծքին դնել, կամ կսպանես և շապիկդ կազատես, կամ կսպանվես. թող նրանից հետո ինչ որ տանելու է տանե, որովհետև մեռելի համար էլ հագուստ պետք չէ։

— Բայց Քրիստոս ասում է, որ հակառակություն չանեք, ով որ մեր շապիկն ուզում է, պետք է իրան տանք։

— Քրիստոս եթե շապիկ ունենար, այս խոսքը չէր ասի,- պատասխանեց ծերունին հեգնական ձևով։

Այս խոսքերը ինձ համար նոր չէին, ես հազար անդամ սել էի ծերունի որսորդից։ Բայց զարմանային այն էր, որ ես տեսնում էի՝ խաշնարած հայերը բոլորովին ուրիշ սիրտ ունեին, մինչդեռ երկրագործներն և քաղաքացիքը բոլորովին մեռած մարդիկ էին։ Ասլանը ասում էր, «դա նրա համար է, որ խաշնարածներն ավելի տերտերի երես չեն տեսնում»։

Այս հայերը մնացել էին իրանց նախնական պարզության մեջ, մտածում էի ես, իրանց լեռներում անարատ պահվել են նրանք, որովհետև փչացած, անպիտանացած հասարակության հետ հաղորդակցություն չեն ունեցել։

Ես վաղուց լսել էի այս ժողովրդի մասին մի զրույց, որ ինձ անհավատալի էր թվում, իբր թե մի անգամ նրանց մեջ խոլերա ընկած է եղել։ Ժողովուրդը մի քանի անգամ դիմել է եկեղեցին, և խնդրել է իրանց սուրբ խաչից (եկեղեցին նրա անունով էր շինված), որ ցավը իրանցից հեռացնե։ Բայց տեսել են, որ սուրբ խաչը ամենևին ուշադրություն չէ դարձնում, և ցավը օրըստօրե սաստկանում է։ Այն ժամանակ բոլոր ամբոխը բարկությամբ հարձակվում են սուրբ խաչի վրա, եկեղեցու դռները փակում են և սկսում են նրա վրա հրացաններ արձակել և սպառնալիքներ