կարդալ: Բարեբախտաբար խոլերան դադարում է և եկեղեցին ազատվում է քանդվելուց:
Այժմ, լսելով ծերունի տանուտերի խոսքերը, ես մտածում էի, թե շատ հեռու չէ մի այսպիսի ժողովրդից այս տեսակ վարմունք, որովհետև նա սուրբի վրա նայում է այն աչքով, ինչ աչքով նայում է ծառան իր տիրոջ վրա, որ եթե հաց չտա և նրան չվարձատրե, ծառան կդադարե ծառայելուց, և գուցե կթշնամանա նրա հետ:
Բայց որքան էլ հաճելի լիներ ինձ ծերունի տանուտիրոջ հյուրասիրությունր, ես դարձյալ շտապում էի շուտով ճանապարհ ընկնել։ Որովհետև մտածում էի, եթե ուշանամ, գուցե Ասլանը դարձյալ չի սպասի ինձ։ Ես նրան վերջին օրերում լավ էի ճանաչել, նրա համար ընկեր, բարեկամ ոչինչ նշանակություն չունեին. նա իր «գործին» էր նայում։ Եվ շատ կարելի էր, նա ինձ բոլորովին մոռացել էր, որպես մոռացել էր Սոնային, որին մի ժամանակ այնքան տաք կերպով սիրում էր նա։ «Այսպիսի մասնավոր սերը, ասաց նա, ոչինչ նշանակություն չունի այն մեծ սիրո մոտ, որով լցված է այժմ իմ սիրտը»...
Հովիվների վրանները կազմված էին մի նեղ հովիտի մեջ. նրանք թվով մի քանի հարյուր կլինեին, յուրաքանչյուր վրանը պատկանում էր մի ընտանիքի, բայց բոլորը մի գյուղի ժողովուրդ չէին, այլ մի քանի գյուղերի բնակիչները հավաքված էին միասին։ Բայց դարձյալ նրանք խառնված չէին, և ամեն մի գյուղի խաշնարածներն իրանց առանձին տեղն ունեին, նրանց վրաններն առանձին խումբեր էին կազմում։ Բայց այս ժողովուրդը բոլորովին չէր նվիրված խաշնարածության, նրանք ունեին և իրանց երկրագործությունը։ Ամեն ընտանիքի մի մասը մնացել էր գյուղերում ցանքերը մշակելու համար, մանավանդ ցանքերի մեծ մասը չորային էր, որ ավելի խնամոց կարոտություն չունի, վարում են սարերի հարթահավասար կողքերը և ցանում են, այնուհետև ոռոգումը թողնում են բնության հոգատարությանը։
Տղամարդիկ միայն հոգս էին տանում հոտերի պահպանության և դարմանելու մասին, տնտեսական հոգսերը կանանց վրա էր։ Ոչ մի կին, ոչ մի աղջիկ անգործ չէր այս աշխատասեր հասարակության մեջ. կանայք էին կաթը կթում, յուղ պատրաստում և պանիր մակարդում. կանայք էին ոչխարները մազակտուր անում, բուրդը մանում և նրանից կապերտներ, գորգեր և զանազան օթոցներ պատրաստում: Այս կանանց արդյունքն է այն նուրբ