դժվարացա Մըհեի հնարած սուտը պարզել, որ իմ ձին ամենևին գողացված չէր։
Ծերունին դարձյալ պնդեց, թե ես հյուրասիրության դեմ վարված կլինեմ, եթե չընդունեմ նրա պարգևը: Ես պատասխանեցի։
— Դուք այս ձին ինձ նրա համար եք ընծայում, որ ես կորցրել եմ իմը, ես կընդունեմ, միայն այն պայմանով, եթե կգտնեմ իմ ձին, այն ժամանակ ձերը ետ կդարձնեմ։ Ծերունին ասաց, միայն դա չէ պատճառը, այլ նա ցանկանում է, որ «իր բարեկամի» որդեգրին մի թեթև բանով պատված լինի։ Բայց ո՞վ էր նրա բարեկամը, որի որդեգիրը լինեի ես։
— Ծերունի որսորդը,— ասաց նա։
— Բայց դուք ո՞րտեղից գիտեք, որ ես նրա որդեգիրն եմ։
— Ես բոլորը գիտեմ...— պատասխանեց նա խորհրդավոր ձայնով։
Մենք ճանապարհ ընկանք։ Տանտիրոջ ընտանիքը շատ սիրով ճանապարհ դրեց ինձ, կարծես, ես տարիներով նրանց մեջ ապրած լինեի։
Տանտիրոջ միջնակ որդին, որ պետք է առաջնորդեր ինձ մինչև եզիդիների գլխավորի վրանը, մի կատարյալ դյուցազն էր. նա իր ձիու վրա նստած, կարծես թե, կազմում էր նրա հետ մի ամբողջ մարմին, որ ստեղծված էր պատերազմ ի համար։ Ես երբեք չեմ մոռանա նրա խոսքը, որ ճանապարհին ասաց ինձ. «Մեր կյանքը սրի մեջն է»...
Մենք գնացինք ուղիղ ճանապարհով, և ոչ լեռների միջով, որպես տանում էր Մըհեն, և նույն ավուր երեկոյան պահուն հասանք Ս.-բեկի վրաններին։
ԽԳ
ԵԶԻԴԻՆԵՐ
Մենք հասանք եզիդիների բեկի չադրներին նույն ավուր երեկոյան պահուն, երբ արևն արդեն մտած էր։ Երկու մարդ կես ճանապարհի վրա սպասում էին, և մեզ ուղղակի տարան բեկի վրանը: Ասլանը այնտեղ էր. նա երբ տեսավ ինձ, «վերջապես եկար դու» ասաց և ժպիտի նման մի բան երևաց նրա սառն դեմքի վրա։ Մի փոքրիկ, կանաչազարդ հովիտի մեջ զետեղված էին