եզդիների չադրները մի քանի հարյուրի չափ, իսկ կենտրոնում կազմված էր բեկի վրանը։ Նա որոշվում էր մյուս բոլորից իր մեծությամբ և գեղեցկությամբ։ Նա բաժանված էր չորս մասի,- մեկի մեջ, ուր ընդունեցին մեզ, նստած էր ինքը բեկը, և դիտակը ձեռին անդադար նայում էր այս կողմ և այն կողմ, կարծես, նա միշտ երկյուղի մեջ էր, չիցե թե թշնամու անակնկալ հարձակում լինի նրա վրա։ - Այդ մասը նրա հյուրանոցն էր։ Նրա առջև, մերկ գետնի վրա կարգով ցցված էին մի քանի երկայն նիզակներ, շինված այն եղեգներից, որ բուսնում են Տիգրիսի եզերքի վրա, որոնք այնքան թեքուն և անբեկանելի են, որ կարծես բնությունն ինքը ստեղծել էր մահվան գործիք դառնալու։ Հյուրանոցի սյուներից քարշ էին տված զենքերի այլևայլ տեսակներ, որպիսի են՝ վահաններ, սրեր և զանազան հրացան գործիքներ։ Հյուրանոցի աջակողմյան մասնում կապած էին մի քանի ձիաներ, թամքած և բոլորովին կազմ ու պատրաստ։ Այդ նրա համար էր, եթե վտանգ պատահի, իսկույն տերերը թռչեն նրանց վրա և դուրս գան թշնամու առջև։ Հյուրանոցի ձախակողմյան մասնում զետեղված էին բեկի թիկնապահները, որոնք նրանից միշտ անբաժան են մնում։ Դրանք նրա մերձավոր ազգականներիցն էին, որոնց վրա ավելի վստահություն ուներ բեկը։ Հյուրանոցի ետևի կողմում մի ընդարձակ բաժին կացուցանում էր կանանոցը, ուր զետեղված էր նրա ընտանիքը։- Այս բոլորն այնպես հարմար կերպով վարագույրներով բաժանված էր մինը մյուսից, որ ամբողջ վրանը ներկայացնում էր մի գեղեցիկ, շարժական ապարանք իր բոլոր սարք ու կարգով. բայց ամենի մեջ նշմարվում էր պարզություն և նահապետական անշքություն։
Ինքը բեկը մի ցամաք մարդ էր միջակ հասակով, և կարելի է ասել ավելի կարճ, քան թե լինում են միջակ հասակ ունեցող մարդիկ։ Նրա տարիքը վաղուց անցել էին հիսունից, բայց դեռ ոչ մի մազ չէր սպիտակել գլխի վրա։ Դեմքը թուխ-դեղին գույն ուներ, խիստ մելամաղձոտ, բայց աչքերի բորբոքվում էր վայրենի կրակ։ Ինձ վրա շատ վատ տպավորություն էր գործում նրա ավազակային հայացքը։
Բայց նա շատ քաղաքավարությամբ դարձավ դեպի ինձ և ասաց այս խոսքերը.
— Ես ուրախ եմ, որ դու ոտք կոխեցիր իմ վրանի շեմքի վրա, որովհետև դու իմ «լավ բարեկամի» ընկերն ես։ Վերջին խոսքերի միջոցին նա ակնարկություն արեց Ասլանի վրա։ Ես գլուխ տվեցի և ոչինչ չպատասխանեցի։