Վրանի մուտքի այս և այն կողմերում, ձեռքները իրանց սրերի վրա դրած, կանգնած էին բեկի հինգ որդիքը, որպես պահապան հրեշտակներ։ Նրանց երեսների բացատրության մեջ պարզ նշմարվում էր, թե բավական էր մի փոքր ակնարկություն հոր կողմից, և նրանք իսկույն կկոտորեին հանդիպածին։
Հայրը նրանց մեկին հրամայեց, որ ընթրիք տան։
Բեկը ինձ հետ խոսում էր և վարվում էր, որպես մի երեխայի հետ։ «Դու քանի՞ ձի ես գողացել, հարցնում էր նա, քանի՞ մարդ ես սպանել։— Պատահե՞լ է քեզ աղջիկ փախցնել»։— Այս և սրա նման շատ բաներ հարցնում էր նա այնպիսի մի հասարակ ձևով, որպես մեկը վարժատան աշակերտից հարցնելու լինի՝ «դու կարդացե՞լ ես Նարեկը, կամ շարականից որքա՞ն ես անցել»։
Երբ ես պատասխանում էի, թե նրա ասածներից ոչ մեկը չեմ կատարել, նա ծիծաղում էր, ասելով, «որքա՞ն ծույլ ես դու»...
Ասլանը այս խոսքերը լսելով, նույնպես ծիծաղում էր, բայց ես բարկանում էի։
— Դու լավ աղա կդառնաս,— ասաց բեկը,— ես քեզ իմ որդիների մեջ կպահեմ և կսովորես քաջ լինել։
Մտքումս ասեցի, եթե քաջությունը ավազակության մեջն է, ես երբեք նպատակ չունեմ այդ սովորելու։
— Ես այնքան երկչոտ չեմ, որքան դուք կարծում եք, բեկ,— պատասխանեցի լսելի ձայնով:
— Այդ մենք կարող ենք փորձել,— ասաց նա, — և փորձելու առիթ կա. քո ձին, որ Մըհեն հանձնել է մի հովվի, նա ռավանդների ցեղին է պատկանում, թշվառականը, որպես խոստացել էր, դեռ չէ վերադարձրել ձին։ Երևի պահելու միտք ունի։ Ռավանդների երամակները մեզանից ոչ այնքան հեռու մի սարի ետևում արածում են։ Եթե քեզանում սիրտ կա, այս րոպեիս կգնաս և նրանց ձիերից մի քանի հատ կբերես։ Էգուց նրանք ստիպված կլինեն քո ձին բերել և իրանցը տանել։
Ես զարմացա բեկի մի այսպիսի առաջարկության վրա և պատասխանեցի.
— Դիցուք թե մի խաբեբա հովիվ, օգուտ քաղելով Մըհեի միամտությունից, իմ ձին տարավ և ետ դարձնելու նպատակ չունի. բայց ես ի՞նչ իրավունք ունեմ ուրիշի ձին բերել նրա փոխարեն։
Բեկը պատասխանեց.
— Հիմա երևաց, որ դու ոչ միայն երկչոտ ես, այլ աշխարհի կարգն էլ չես իմանում։