Ես կարծում էի, թե բեկն այս բոլորը կատակի համար էր խոսում, բայց երբ Ասլանը պատմեց մի քանի բաներ քրդերի կյանքից, այն ժամանակ ես համոզվեցա, որ նա կատակ չէր անում: Քրդերի մեջ օրենքի զորություն էր ստացել այն սովորությունը, երբ մի առանձին ցեղի պատկանող մարդ հափշտակում է որևիցե ուրիշ ցեղի հասարակությանը պատկանող մի մարդու սեփականությունը, վերջինը իրավունք ունի իր կորուստի փոխարենը հափշտակել ավազակի ցեղին պատկանող մի օտար մարդու կայքից, թեև նա ամենևին խառն չէ եղել հիշյալ դողության դործի մեջ։— Այստեղից առաջ են գալիս այն անընդհատ հափշտակությունները, որ կատարվում են տարբեր ցեղերի մեջ և պատճառ են տալիս նրանց մշտական կռիվներին։ Վրեժխնդրության մի այսպիսի ձևը շարժական կայքից անցնում է անձինքների վրա։ Մի ցեղին պատկանող մարդ իր սպանված աղգակցի արյան փոխարեն կարող է սպանել մի ուրիշ մարդու հակառակ ցեղից, թեև նա բոլորովին անմեղ լիներ։— Դա ծագում է այն սկզբունքից, որ ցեղը քրդերի մեջ մի ամբողջ ընտանիք է, կապված թե նյութական, թե բարոյական շահերով, և ցեղը բաղկացնող յուրաքանչյուր անհատը մինը մյուսի փոխարեն պատասխանատու է։ Մի այսպիսի կապակցությունը, թողնելով իր վատ կողմերը, ունի և իր հասարակական օգուտներր, օրինակ, եթե մի բրդի ոչխարները հիվանդությունից կոտորվեցան, և նա մնաց առանց ապրուստի, այն ժամանակ նրա ցեղակից քրդերի պարտավորությունն է իրանց ունեցածից տալ անբախտին մի-մի ոչխար, մինչև նրա հոտի առաջվա թիվը լրանա։
Երբ որ բեկն ինձ հետ խոսում էր, հեռվից լսվեցան շների խառն ձայներ։ Նրա որդիներից երկուսն իսկույն դուրս վազեցին իմանալու, թե ինչ էր աղմուկի պատճառը։ Քանի րոպեից հետո հայտնվեցավ Մըհեն, քշելով իր հետ ձիաների մի ամբողջ երամակ։
— Սատանան տանի...— ասում էր նա ինքն իրեն մրթմրթալով,— թևքս ծվատեցին։
Եվ իրավ, մենք տեսանք, նրա թևքից արյուն էր հոսում, և վերքը թողած էր բոլորովին անխնամ, առանց փաթաթելու։ Բեկի կանանոցից դուրս եկան մի քանի պառավներ, սկսեցին համոզել Մըհեին, որ վերքը վտանգավոր է, և խնդրում էին, որ թույլ տա սպեղանի դնել և փաթաթել։ Նա խիստ դժվարությամբ ընդունեց։
Վերքը առաջ էր եկած նիզակի ծակելուց։ Պառավներից մեկը սկսեց լիզել վերքը և ծծելով դուրս քաշել արյունը։ Դա մի զգուշություն էր, չթողնել որ մարմինը վարակվի, եթե վիրավորող զենքը