թունավոր է եղել։ Այս գործողությունը ինձ զարմացրուց, որովհետև առաջին անգամն էի տեսնում։ Բայց երբ վերջին ժամանակներում, կարդալով հայոց պատմությունը, պատահեցան ինձ Առլեզ կամ Հարալեզ դից անունները, ես հասկացա, թե ինչ պաշտոն էին կատարում հայոց այդ բժիշկ աստվածները։ Եվ շատ բնական է, գազանները միշտ իրանց մարմնի վերքը լիզելով են առողջացնում, և նախնական մարդիկ պետք է հետևին նրանց օրինակին*:
Այսուամենայնիվ, քրդերի մեջ շատ առաջ է գնացել բժշկության վիրաբուժական մասը, կյանքն ու նրա կարիքներն ուսուցել են նրանց զարգանալ արհեստի այս ճյուղի մեջ։ Բայց ի՞նչ էր այս բոլոր աղմուկի պատճառը, որտեղի՞ց էր բերել Մըհեն այս ձիաները։
— Տե՛ս, քաջն այսպես է լինում,— ասաց բեկը դառնալով դեպի ինձ,— տեսնո՞ւմ ես Մըհեին, մի ձիու փոխարեն բերեց տասը ձիաներ։
Ես հասկացա, Մըհեն կատարել էր այն հափշտակությունը, ինչ որ բեկը քանի րոպե առաջ ինձ էր առաջարկում։ Նա այս արել էր առանց ոչ ոքի հայտնելու։ Առաջին օրը, երբ նա եկել էր Ասլանի մոտ և իմացել էր, որ ձին տակավին չեն բերած, առանց նրա հետ խորհուրդ անելու, անհայտացել էր, և ահա դարձավ նա մեծ ավարով։ Թեև Մըհեն մեզ ոչինչ չասեց, բայց երևում էր, որ նա կռիվ էր ունեցել քրդերի հովիվների հետ, եթե ոչ, այլապես վիրավորված լինել չէր կարող։
Մըհեն չսպասեց մինչև ընթրիք տային, և խնդրեց մի քանի հացեր և մի մեծ կտոր պանիր, բոլորը կերավ, և խմելով մի ահագին աման ջուր, գնաց քնելու։ Խղճալին երեք օր էր, որ մի րոպե ևս հանգստացած չէր:
Գիշերից բավական անցել էր, բայց տակավին վրաններից շատերի մեջ լույս էր երևում։ Մեր ընթրիքը տվեցին. նա պատրաստված էր խիստ պարզ կերակուրներից, որոնց մեջ գլխավոր տեղն էր բռնում մի ամբողջ խորոված գառը։
Ընթրիքից հետո բեկը կամեցավ մեզ զվարճացնել և կանչել տվեց մի երգիչ։ Նա մի փոքրիկ մարդ էր, ոտքերով կաղ, որ շատ նմանում էր մեր աշուղներին, որոնք հազիվ ազատ են լինում մի որևիցե մարմնական արատից։ Երգիչն ածում էր ջութակի վրա:
Ինձ մինչև այնօր չէր պատահել լսել մի երգ, որ այնքան հատկանիշ լիներ ազգային բնավորության, որ այնքան արտահայտող լիներ ժողովրդական ոգուն, որպես քրդի երգը։ Քրդի երգը լսելիս,