Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ միշտ երևակայում է՝ իրան - քրդին, նիզակը ձեռին, սեգ նժույգի վրա նստած, կայծակի պես սլանում է լեռների մեջ...

Քուրդ աշուղի երգածները հասարակ տաղեր չէին. նա երգում էր մի ամբողջ վեպ, որ ժողովրդական պոետը առել էր կենդանի անցքերից։ Դա մի քաջազնական բանաստեղծություն էր, որի մեջ խիստ ազդու կերպով նկարագրված էր այն արյունահեղ կռիվը, որ ունեցել էր բեկը քրդերի մի ուրիշ ցեղի հետ, և որի մեջ սպանվել էին նրա երկու որդիներն և ավար էին առնվել նրա հոտերը:

«Այսպես, ասում էր Ասլանը, մի ժամանակ մեր նախարարների տներում երգում էին Գողթան երգիչները, բայց նրանց ձայնը լռեց այն օրից, երբ հայերի մեջ քաջազնական հոգին հանգավ»...

Աշուղի բոլոր երգեցողության ժամանակ տխուր էր բեկը։ Վրեժխնդրության արյունը բորբոքվում էր նրա աչքերում, որովհետև նա լսում էր սիրելի որդիների արյունոտ կռիվը, որի մեջ ասյնքան շատ սպանեցին նրանք և սպանվեցան...

Նույն միջոցին վարագույրի հետքից, որ բաժանում էր մեզանից կանանոցը, լսելի եղան դառն հեկեկանքի ձայներ։ Մի աղախին դուրս եկավ այնտեղից, և մոտենալով բեկին, ասաց. «Տիկինը խնդրում է, որ այս երգը չերգեն»։

Ո՞վ էր տիկինը։— Դա նույն տղամարդի ամուսինն էր, որի քաջագործություններն էր երգում աշուղը, և որը սպանված էր...

Ճշմարիտն ասած, ինձ վրա ևս խիստ դառն տպավորություն գործեցին վիպասանի խոսքերը, որոնք ազդում էին կորով և ցավակցություն։

Երևի ինքն բեկն ևս ուրախ տրամադրության մեջ չէր. նա մեզանից ներողություն խնդրեց և գնաց քնելու։ Նրա գնալուց հետո երգիչը նույնպես հեռացավ։ Այնուհետ և Ասլանը ինձ պատմեց, թե այս անցքը պատճառ էր տվել եզիդիների ցեղի տոհմային ոխակալությանը մի ուրիշ ցեղի հետ, որ Վանա նահանգում նշանավոր է իր վայրենի բարբարոսությամբ, որոնց ձեռքում այնքան տանջված են հայերը...

Այս լսելուց հետո ես մասամբ հասկացա Ասլանի եզիդիների բեկի մոտ գալու նպատակը, հասկացա նաև, թե ինչ խորհուրդ ուներ Կարոյի նամակի մեջ այն մասը, որով առաջարկում էր ծերունի որսորդին եզիդիների բեկի մոտ գնալ, և նա ստանալով նամակը, էլ չսպասեց, գիշերով ճանապարհ ընկավ։ Դա մի քանի շաբաթ առաջ էր, երամակը մի դիպվածով իմ ձեռքր ընկավ...

Մեզ համար ևս անկողին պատրաստեցին քնելու: Բայց Ասլանը