Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար նստեց, նա պատրաստում էր մի քանի նամակներ, որ վաղ առավոտյան պետք է Մըհեն տանե: Նա ինձ չասաց, թե ումն է գրում նամակները և ոչ ես համարձակություն ունեցա հարցնելու, միայն նկատեցի, թե խեղճ Մըհեն այնպես վիրավոր, որպես կարող էր ճանապարհ գնալ։

— Կգնա,— ասաց նա,— այնպիսի վերքերը Մըհեի համար նշանակություն չունեն։

Որքա՞ն անգութ են այս մարդիկը... մտածում էի ես։

Ես սպասել չկարողացա, մինչև Ասլանը վերջացներ իր գրությունները. հենց գլուխս դրի բարձի վրա, քունս տարավ։ Բայց երբ աչքս ընկավ նրա նամակներից մեկի վրա, տեսա, նրա գրվածքը ոչ մի ազգի տառերի չէին նմանում, կարծես դա մի առանձին հնարած գիր լիներ, որի գաղտնիքը միայն գրողին և ստացողին էր հայտնի...

Վաղ առավոտյան Ասլանը ինձ զարթեցրուց։ Ես շատ նեղացա։ Այս մարդը դևի նման քուն չուներ, ինձ էլ անհանգիստ էր անում: Մըհեն արդեն գնացել էր. ես նրան տեսնել չկարողացա: Բայց Ասլանը, նկատելով իմ վրդովմունքը, մի առանձին կարեկցությամբ ասաց.

— Ես գիտեի, որ քունը քաղցր էր քեզ համար, բայց ես ցույց կտամ քեզ մի տեսարան, և դու կներես, որ քեզ անհանգիստ արեցի։

Նույն միջոցին ես լսեցի մի տխուր երգի ձայն.

«Այն քաջ մարդու շապիկն է դա,
Որ իմ ձեռքով կարեցի.
Արյունոտ է, կարմիր ներկած,
Արտասուքով լվացի։

Դա շապիկն է այն քաջ մարդու,
Որ քեզի հայր կոչվում է,
«Վըրե՜ժ, վըրե՜ժ չար ոսոխից»
Գերեզմանից կանչում է։

Դե՛, մեծացիր, իմ նազելի,
Չարի արյունը խմե՛,
Հո մոր սրտին մխիթարանք,
Ուրախություն պարգևե՛»։


Սարսափելի՜ մի տեսարան էր այդ։ Մի մանկահասակ տիկին նստացրել էր իր փոքրիկ երեխային մոխիրների կույտի վրա, և նրա վզին գցել էր արյան մեջ շաղախված մի շապիկ։ Նա մոխիրը