Այս խոսքը ես ասեցի բոլորովին կատակով, բայց նա շարժեց սիրուն օրիորդի սիրտը, և նրա արտասուքի հետ դուրս թափեց մի գաղտնիք, որ ոչ սակավ զարմացրուց ինձ:
— Ես գեղեցիկ չեմ,— ասաց նա,— ես մի անպետք լաթի կտոր եմ, որ ոտքի տակ են գցում...
Ես ոչինչ չգտա նրան պատասխանելու, որովհետև չէի իմանում, թե ի՞նչ մտքով է ասում այդ։ Նրա եղբայրները ներս մտան, օրիորդը հեռացավ։
Արևը նոր սկսեց ծագել։
Նույն միջոցին բեկի առանձնասենյակից ետ դարձավ Ասլանը, ինձ հայտնեց, թե ինքը մի ոչ այնքան հեռու տեղ պետք է երթա, և պատվիրեց սպասել մինչև իր վերադարձը։
Ձիերը վրանի առջև պատրաստ էին. նա և բեկը հեծան, և առնելով իրանց հետ մի քանի ծառաներ, հեռացան։
— Ո՞ւր են գնում,— հարցրի բեկի որդուց, որ ինձ մոտ նստած էր։
— Մեզանից ոչ այնքան հեռու մի ավերակ բերդ կա, հայրս միտք ունի նորոգել տալու, գնում են այն բերդը տեսնելու,— ասաց նա։
Ինձ շատ հետաքրքրական չէր այդ, որովհետև ես ուր որ գնում էի, միշտ ավերակ բերդեր էի տեսնում։ Վանա կողմերի լեռները լիքն են ավերակ բերդերով, և նրանք ամենևին չէին գրավում ինձ։ Բայց նույն րոպեում իմ միտքը գրավել էր գեղեցիկ օրիորդը, մտածում էի՝ թե այն ի՞նչ խոսք էր, որ նա ասաց ինձ, և ինչո՞ւ այնպես ակամա փղձկեցավ նա։ Բայց ո՞րտեղ մյուս անգամ կարող էի տեսնել նրան։
Շուտով մեզ նախաճաշիկ տվեցին։ Քրդի նախաճաշիկը շատ համեղ է լինում, նա պատրաստված՝ սերը, կարագը, մածունը մեղրի հետ խառնած մի բաղադրությունից, և համեմած է լեռնային բույսերով։ Հացը նրանք թխում են երկաթյա լայն կասկարայի վրա։ Ես վաղ առավոտյան տեսնում էի, թե որպես կանայք փութաջան կերպով հաց էին պատրաստում։ Եվ չնայելով, որ բեկը մի ամբողջ ցեղի գլխավորն էր, դարձյալ նրա կանանց, աղջիկների և հարսների մեջ չէր երևում այն, այսպես ասած, տիկնության անշարժությունը, որ տիկինները հանգիստ նստած, տնային բոլոբ գործերը աղախիններին և սպասավորներին են կատարել տալիս։ Քրդի կինը, թե իշխանի տիկին լիներ նա և թե հասարակ հովվի, իր տնային գործերը իր ձեռքովն է կատարում։ Քրդի տնտեսության