մեջ անգործ է միայն տղամարդը։ Նա առավոտյան վեր է կենում, կամ իր ձիու հետ է խաղում, կամ իր զենքերն է մաքրում, կամ վառոդ ու գնդակ է պատրաստում, և եթե ուրիշ գործ չունի, մի ընկեր է գտնում, և նստում է նրա հետ ծխում է ու իր գլխի անցքերն է պատմում։ Գլխավոր արհեստը, որի մեջ նա շահ է բերում իր ընտանիքին, է ավազակությունը,- այս գործի մեջ քուրդը ծույչ չէ:
Նախաճաշիկից հետո բեկի որդիքը կամեցան ինձ զվարճացնել և առաջարկեցին գնալ որսորդության։ Ես ընդունեցի։ Որսորդության համար ամեն ինչ հոգացել էին. ձիերը, շները և բազեերն արդեն պատրաստ էին։ Մենք առավոտյան հովով դուրս եկանք։ Այն հովտի մեջ, ուր զետեղված էին եզիդիների վրանները, կար մի ընդարձակ, կանաչապատ դաշտ։ Այստղ բեկի որդիքը կամեցան մի փոքրիկ ձիարշավ հանդիսացնել։ Վրանաբնակների կանայք կանգնած, նայում էին մեզ վրա։ Նրանք խիստ վարպետ կրիտիկոսներ են տղամարդի արիությունների։
Ինձ դժվար է նկարագրել, պետք է աչքով տեսնել, որ հասկանալ, թե որքան ճարպիկ, որքան արագաշարժ և որքան դևի պես խորամանկ է քուրդը, երբ նա հեծած է ձիու վրա։ Ձին ամենայն արագությամբ վազելու ժամանակ՝ քուրդը ճախարակի նման պտույտվում է նրա ամեն կողմերը։ Երբեմն տեսնում ես, նա մի թռիչք գործեց, ձիու պարանոցովն անցավ, և կրկին նստեց թամբի վրա։ Երբեմն տեսնում ես, նա իր ոտքերը ասպանդակի մեջ թողնելով, կռացավ, և ձեռքով գետնից հավաքում է քար, փայտ կամ իր ձգած նիզակը, և նրանցով կարկտի նման մինը մյուսի ետևից ռմբակոծում է իր հակառակորդին, որին հալածում է։ Բայց ձին նույն միջոցում արագ վազում է առանց կանգնելու։ Եվ գլխավորը, որ միջոց է տալիս բրդին պատերազմելու ձիու վրա, այն է, որ նրա ձեռքերն ամենևին չեն զբաղված իր նժույգի սանձը կառավարելով. նա սանձը բոլորովին բաց է թողնում, և իր ծնկների զանազան շարժմունքները բավական են ցույց տալու ձիուն իր ընթացքի ուղղությունը։ Եվ խելացի անասունը այն աստիճան վարժված է, որ բոլորը հասկանում է, և համարյա գուշակում է իր տիրոջ միտքը։ Այսպիսով ձիավորի ձեռքերն ազատ են մնում, և նա կարողանում է իր ձին դեպի զանազան կողմերը պտտացնել և միևնույն ժամանակ գործածել իր զենքերը,- հրացան արձակել, դարձյալ լեցնել, դարձյալ արձակել, թեև ձին անդադար շարժողության մեջ է։ Մի խոսքով, ձին և քուրդը գործում են, որպես մի ամբողջ մարմին, որին մի կամք և մի նպատակ է կառավարում։