պատճառը դեպի Ասլանը։ Երևում էր, խղճալի աղջիկը սիրում էր նրան, և սառնասիրտ, անգութ Ասլանից մերժված էր եղել։ Բայց Թութին չհանգստացավ տիկնոջ խոսքերով, և ավելի բարկանալով ասաց.
— Ես մի՜շտ կասեմ, նրա սրտում սատանա է նստած. նա խիղճ չունի, դրա համար էլ ոչ մի աղջիկ նրան լավ տղամարդ չի ասի...
Ես նկատեցի նրա աչքերի արտասուքը, նա էլ չսպասեց, առեց իր սափորը և սկսեց դիմել դեպի վրանները:
Նրա գնալուց հետո տիկինը ինձ պատմեց, թե մի օր բեկի վրանում մի քանի քուրդ իշխաններ ժողով են ունեցել, նրանց մեջն է եղել և Ասլանը։ Ժողովի խորհրդածությունը հասել է տաք վիճաբանության, որի մեջ Աբդուլլահի որդի Ահմեն խոսքով վիրավորել է Ասլանին։ Այս Ահմեն նշանավոր էր քրդերի մեջ իր ժանտ բնավորությամբ և միևնույն ժամանակ իր տարօրինակ ուժով։ Ասլանը չէ համբերում, հարձակվում է նրա վրա, և երեխայի նման կաշկանդելով, խլում է ժողովի միջից, և վրանից դուրս քարշ տալով, կամենում է սպանել նրան։ Ժողովի բոլոր իշխանները վրա են թափվում, հազիվ կարողանում են ազատել վիթխարի Ահմեին Ասլանի ձեռքից։ Թութին տեսնում է այս կռիվը, և «այն օրից, ասաց տիկինը, խեղճ աղջիկը գժված է Ասլանի համար»...
— Բայց նա որքան քաջ է, այնքան և լավ մարդ է,— ավելացրուց տիկինը։— Շատ անգամ նա մխիթարել է ինձ սիրելի ամուսնիս մասին, շատ անգամ խրատներ է տվել, թե որպես պետք է կրթեմ սիրուն զավակիս։ Նա մի կատարյալ շեյխ է, միայն գիրքն է պակաս...
Ինձ շատ գրավեց տիկնոջ համակրական զգացմունքը դեպի ազնիվ մարդը։
— Թութին խենթ է,— ասաց նա,— չէ ճանաչում նրան։
Եվ նա դիմեց դեպի վրանները, ինձ թողնելով վտակի ափի մոտ։
Ասլանը և բեկը վերադարձան խիստ ուշ, քան թե մենք մտածում էինք։ Եկածին պես նա մի փոքր հաց խնդրեց, կերավ, և ինձ պատվիրեց, որ պատրաստվեմ, որովհետև կես ժամից հետո ինքը պետք է ճանապարհ ընկներ դեպի Վան գնալու։ Նույն միջոցին նա բաց արեց թղթերի մի պահարան, և կամենում էր այնտեղ դնել մի հաստ թերթ, որի վրա երևաց ինձ մի նկարված պատկեր։ Ես մոտեցա, որ տեսնեմ պատկերները։ Նա չգաղեց ինձանից և ցույց տվեց: