— Կարդացե՞լ ես,— հարցրուց նա ինձանից։
— Կարդացել եմ,— պատասխանեցի ես։
— Ո՞ւմ մոտ։
— Մեր թաղի քահանայի, տեր Թոդիկի մոտ։
— Հասկացա..։ Դեռ չէ՞ սատկել այն ավազակը։
— Մնում է,— պատասխանեցի ես։— Բայց դուք ո՞րտեղից եք ճանաչում նրան։
— Ո՞վ չէ ճանաչում այն անպիտանին. նա Դատվանի «գզիրն» էր, էլ չարություն չթողեց, որ չգործեր։ Վերջը «ռեսին» սպանեց, փողերը կողոպտեց, փախավ, եկավ Սալմաստ, այնտեղ անունը փոխեց, և ասաց, թե անապատի ճգնավոր եմ, այսպիսով քահանա դարձավ. հիմա սկսել է կախարդություններով ժողովրդին խաբել։ Այդպես չէ՞։
Այս խոսքերը լսելով, ես բոլորովին զարմացա։
— Դու ինչպե՞ս պրծար նրա ձեռքից,— հարցրուց ինձ։
— Փախա նրա ուսումնարանից։
— Խելացի բան տեսար։ Երանի՜ թե Կարոյի հետ փախած լինեիր, հիմա մի օրինավոր մարդ դարձած կլինեիր․․․ Ա՜խ, թե մի անգամ ձեռքս կընկներ այն անպիտանը․․․
— Ի՞նչ կանեիք,— հարցրի ես ծիծաղելով։
— Ի՞նչ պետք է անեի, իր հանգուցյալ հոր մոտ կուղարկեի․․․
Մեր խոսակցությունը ընդհատեց մի մարդ, որ դուրս եկավ այն սենյակից, ուր մտել էր Ասլանը։
Նա աչքերին ակնոցներ ուներ դրած և ոտքից ցգլուխ հագնված էր եվրոպական ձևով։ Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի հագուստով մարդ։ Նույն միջոցին ներս մտավ և երեցկինը նախաճաշիկի մատուցարանը ձեռին բռնած, և տեսնելով եվրոպացուն, երեսը խաչակնքեց, ասելով.
— Վա՜հ, տեր Հիսուս, չարը տանես, բարին բերե՛ս…
Տերտերը մի անկյունում կանգնած ծիծաղում էր։ Ես լավ զննեցի, տեսա, որ եվրոպացին ոչ այլ ոք էր, եթե ոչ Ասլանը, միայն կերպարանափոխ եղած, որպես շատ անգամ տեսել էի նրան աբեղայի հագուստով կամ վանեցի վաճառական ձևացած։
— Հը՜մ, երեցկին,— դարձավ նա դեպի միամիտ «տիրոխնին»,— եթե գիշերով տեսնեիր ինձ, ի՞նչ կանեիր։
— Ի՞նչ պիտի անեի, երեսս խաչ կհանեի, դու դևի պես կխափանվեիր։
— Ես խո դև կամ սատանա չեմ, որ խաչից վախենայի։