Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա՛ սատանան ի՞նչպես կլինի։ Ափսոս չէի՞ն առաջվա շորերդ, որ փոխեցի։

— Ես ամրողջ տասը տարի այսպես եմ հագնված եղել...— պատասխանեց Ասլանը։

— Սուրբ տիրամերը վկա, դա չավ չէ, ախար ինչի՞ է նման այսպիսի նեղ վարտիքը։

— Դրանք թող մնան,— կտրեց տերտերը կնոջ խոսքը։— Հիմա պետք է տեսնենք, թե ինչ բանի է նման քո բերած նախաճաշիկը։

Տերտերը ետ քաշեց մի ուրիշ վարագույր և նրա ետևից դուրս բերեց մի մեծ սրվակ գինի, դրեց իր կողքին և նստավ սեղանի մոտ։ Մենք ևս մոտեցանք ուտելու։ Նախաճաշիկը բավականին լավ էր պատրաստած. շա՜տ ապրի տերտերակինը, ամենևին չէր երևում, թե հասարակ գյուղացու եփած կերակուրներ լինեն։ Բայց տերտերակինը գյուղացի չէր, նա Վանա քաղաքիցն էր, և որպես հայտնեց ինձ հետո Ասլանը, նա տեր հոր երկրորդ կինն էր, որի հետ ամուսնացել էր նա իր քահանայության ժամանակ, առաջին կինը մեռնելուց հետո։ Թեև հայ քահանաներին թույլ տրված չէ երկրորդ ամուսնություն, բայց «գիժը» այն տերտերներից չէր, որ ենթարկվեր եկեղեցական կանոններին։ Նա ամեն բանի մեջ, որպես ռամկորեն ասում են «չոմախի (մահակի) զոռով էր գործում»... Բայց որպես և լիներ, տերտերն ու երեցկինը շատ սիրով էին երևում միմյանց հետ։

Հացի ժամանակ Ասլանը հարցրուց, թե ի՞նչ նոր լուրեր կան Վանից։

— Ազգային գործերը վատ չեն,— պատասխանեց տեր հայրը ծանր կերպով։— Պ...-ը ողջ և առողջ է, գիշերները բոշաների լակոտներ պար ածելով է անցկացնում... իր ձեռներր նրանց շլինքին է փաթաթում...։ Բրդերին սովորեցնում է այս և այն վանքի հունձքի դեզերը կրակում են, որ գիշերները լույս լինի...։ Տոնախմբությանը ժամանակ ինքն էլ ետ չէ մնում հասարակաց ուրախությունից, և իր ժողովուրդը բարոյապես մխիթարում է. կույս աղջիկներ և ջահել հարսներ է փախցնել տալիս, որ հայոց զավակներն աճեն, ազգը բազմանա...։ Եթե մի անպատված աղջկա հայր գալիս է նույն անպատվողի մոտ բողոքելու (ուրիշ որտե՞ղ կարող է գնալ խեղճը), նրան մի փոքր խրատում է, փայտի տակ է գցում, ոսկորները լավ ջարդում է, որ փափկանան...։ Հետո նրան ասում է — «գնա՛, եղբայր, այս աշխարհը քո տեղը չէ, դու