Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու վատ օրինակը ավելի շատ գայթակղեցնում է, ավելի շատ վիրավորում է միամիտ ժողովրդի զգացմունքը։

— «Նիզակը գողացողը առաջ նրա թաքցնելու տեղը կգտնի»,— պատասխանեց տերտերը։— Նա շատ ճարպիկ է իրան արդարացնելու խոսքեր գտնելու մեջ։ Երբ նրան ասում են, թե դու ի՞նչ գործ ունես փաշայի կամ այս և այն ավազակ քրդի և բոշա պար եկողների հետ։— Նա միշտ Պողոսի, իր անվանակցի, խոսքերը վկայություն է բերում, թե «պետք է հրեայի հետ հրեա լինել և հեթանոսի հետ հեթանոս»։ Ասում է, թե ես ժողովրդի օգտի համար եմ նրանց հետ բարեկամություն պահպանում, և մահմեդականության սովորություններին հետևում, որ նրանց հաճոյանամ և իմ ազգի շահերը պահպանեմ։

— Չարագո՜րծ,— ասաց Ասլանը։— Վասակները միշտ այսպես էին իրանց արդարացնում։

Թեև Ասլանը առաչուց ասում էր, շատ քաղցած եմ, բայց համարյա ոչինչ չկերավ։ Տերտերն էլ նկատեց այս և հարցրուց.

— Ինչո՞ւ չես ուտում։

— Ախորժակս ավերվեցավ,— ասաց նա։

— Ա՛ռ, խմիր, թող սիրտդ հովանա, դարդերդ կմոռանաս։

Ասլանը ընդունեց գինու ահագին գավաթը, միանգամով խմեց։

— Բայց քո ախորժակը տեղն է,— դարձավ դեպի ինձ տերտերը.— որովհետև դու չես մտածում այն բանի վրա, թե Վանում ի՞նչեր են կատարվում։

— Ես դրա համար էլ գնում եմ այնտեղ, որ տեսնեմ, ինչպիսի քաղաք է։

— Ավելի լավ կանես, որ տեսնես մարդիկ ինչպես են ապրում այնտեղ,— ասաց քահանան։

Այնուհետև Ասլանը և տերտերը գնացին մի առանձին սենյակ, այնտեղ առժամանակ տաք-տաք խոսում էին. ես ոչինչ հասկանալ նրանց խոսքերից չկարողացա, որովհետև հեռու էին։ Ասլանը դուրս եկավ շատ վրդովված, և հրամայեց իսկույն պատրաստել ձիերը։

— Դուք մտածեցեք, որևէ բան չմոռանալ այստեղ,— ասաց քահանան։

— Ինչ որ պետք էր վեր առնել՝ ես տեղավորեցի այն երկու արկղների մեջ,— ասաց Ասլանը։— Բայց դուք պատրաստեցեք մի ձի արկղները կրելու համար և մի ծառա, որ ինձ հետ լինի։