Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կես ժամից հետո կարող ես ճանապարհ ընկնել. դուք համեցեք, այս մի գավաթն էլ անուշ արեք։

Ասլանը ընդունեց և խմեց։

Տերտերի խոսակցության մեջ «դու» և «դուք» միևնույն նշանակությունն ունեին․ նա խառն ամեն կերպ գործ էր ածում։

— Ո՞ւր են, տղերքից ոչ մեկը չէ երևում, — հարցրուց Ապանը։

— Ամենքն իրանց սիրելի խանումներին առած, գնացել են սարը, ոչխարների մոտ. Ալմաստն էլ այնտեղ է. ես և իմ թանկագին «տիրոխնին» մնացել ենք տանը։ Քահանայությունը ծա՞նր պաշտոն է,— ավելացրուց նա։

— Եվ դու ճշտությամբ կատարում ես... այնպես չէ՞— հարցրուց Ասլանը ծիծաղելով։

— Ավելի լավ, քան մեր տեր Մարուքը, որը քերականություն է կարդացել։ Իմ մկրտածները ավելի լավ քրիստոնյաներ են դառնում, և իմ թաղած մեռելը գերեզմանից բնավ չէ վեր կենում...

— Բայց այն ինչպե՞ս եղավ, որ մի անգամ երեխային ավազանի մեջ խաշեցիր։ Պատմի՛ր տեսնեմ։

— Դա հին բան է, հիմա այնպես չեմ անում։

— Պատմիր, թող Ֆարհատն էլ լսե։

Տերտերը շատ ծիծաղելի կերպով պատմեց, թե իրանց երկրում սովորություն կա, երբ ձմեռը երեխային եկեղեցում մկրտելու են բերում, նրա հետ տաք ջուր են բերում ավազանում լեցնելու համար։ Մի մկրտության ժամանակ տատմոր բերած ջուրը շատ տաք է լինում, տեր հայրը այնպես լցնում է ավազանի մեջ, և չէ մտածում փորձել տաքության աստիճանը։ Հենց որ տղային կոխում է ավազանի մեջ, խեղճը իսկույն խաշվում է, և տերտերը այն ժամանակ միայն հասկանում է, թե նա մեռավ, երբ նկատում է, որ էլ ձայն չէ հանում։ «Դա փչացավ, ասում է կնքահորը, թե կա, գնացեք մի ուրիշը բերեք, որ մկրտեմ»։

— Տերտերը մեզ երկար չպահեց՝ երևում էր, նա ինքը նույնպես շտապում էր, որ մենք շուտով ճանապարհ դուրս գանք։ Ինքը և երեցկինը եկան մեզ հետ մինչև գյուղից դուրսը, և այնտեղից բարեմաղթություններով բաժանվեցան մեզանից։

Գյուղը, ուր գտնվում էր տեր հոր տունը, նստած էր լեռների կուրծքի վրա, և չորեք կողմից, որպես բնական պարիսպներ, շրջապատել էին նրան սեպաձև բլուներ, որով նա ստացել էր շատ ամուր և անառիկ դիրք։

—Տեսնո՞ւմ ես այս գյուղը, -ասաց Ասլանը, երբ հեռանում