էինք այնտեղից.— նա ունի հիսուն տուն միայն, բայց ամբողջ մի ամիս պատերազմեց ավելի քան 500 քրդերի հետ և մնաց դարձյալ անառիկ։
— Որովհետև ամուր դիրք ունի պատասխանեցի ես։
— Այդ չէ միայն պատճառը, բնակիչները քաջ և սրտոտմարդիկ են։
— Որովհետև այնպիսի քահանա ունեն, որպես «գիժը»։
— Զարմանալի մարդ է դա,— պատասխանեց Ասլանը։ — Դու նրա կատակներին մի՛ նայիր, բավականին խելք ունի և շատ բարեսիրտ է։
Այնուհետև Ասլանը պատմեց մի քանի հետաքրքիր անցքեր «գժի» կյանքից, որոնց ամենի մեջ երևում էր նա չափազանց հանդուգն և մեծասիրտ բնավորությամբ,— մի արկածախնդիր մարդ, որ իր ամբողջ կյանքում կռվել էր զանազան դժվարությունների դեմ։ Նրա ձեռքերը մաքուր չէին մնացել և արյունից,նա շատ անգամ սպանել է, հափշտակել է, ավար և գերի է բերել։ Շատ անգամ ևս հաղթվել է, բոլոր կայքը թշնամուց հափշտակվել է, և նրա առաջին կինը և որդիքը սրի բերան են ընկել։ Մի փոքր նշմարվող խելագարությունը այս անցքից հետո է պատահել։
— Այսուամենայնիվ,— շարունակեց Ասլանը,— տեր Մեսրոպը ժողովրդից շատ սիրված մարդ է․ մոտ տասն հայոց գյուղեր այս կողմերում գտնվում են նրա հովանավորության ներքո։ Եվ բոլորը հոր նման պաշտում են նրան։ Մի սաստիկ սովի ժամանակ, նա ծախեց ինչ որ ինքն ուներ, և ծախել տվեց հարուստներինը, և այսպիսով պահպանեց աղքատների կյանքը։ Նա իբրև քահանա, թեև անհարմար է, բայց իբրև կառավարող անձն, ունի շատ արժանավորություններ։ Այս պատճառով է, որ կարողացել է իր ձեռքի տակը պահել այս լեռներում գտնված բոլոր հայոց գյուղորայքը, առանց թույլ տալու որևիցե քրդի կամ թուրքի միջամտություն գործել նրանց հասարակական գործերի մեջ։
— Բայց կարդալ իմանո՞ւմ է,— հարցրի ես։
— Նա անգրագետ է և իր անունը հազիվ է դրում. բայց իմ կարծիքով, այսպիսի քահանաներն ավելի լավ են, քան թե նրանք, որ աստվածաբանական մթին խնդիրների մեջ թթված, ժողովրդին ավելի մոլորության և հոգևոր մեռելության մեջ են գցում։ Այսպիսի ժողովուրդը կյանք և հիմք չունի երկրի վրա։
— Տեր Մեսրոպը,— առաջ տարավ նա,— հայ քահանայի տիպ չէ։ Նա, ավելի հարմար է ասել, քրդի շեյխ է, որ մասնակից