Է լինում իր ժողովրդի բոլոր կարիքներին, կովի ժամանակ քաջ զինվոր է, խաղաղության ժամանակ քահանա է և դատավոր։ Միշտ այսպես են եղել խաշնարած ցեղերի քահանաները։ Այսպես էին և Աբրահամը, Իսահակը, Հակոբը ու նրանց հաջորդները։ Մեր ընկերներից մեկը քահանա է,— չեմ ուզում անունը տալ և լավ քահանա, գիտե հունաց, եբրայեցոց և լատինացոց լեզուները, կարդացել է այն բոլոր գրքերը, ինչ որ վերաբերում է աստծուն, սկսած այն օրից, երբ հայտնվեցավ մարդերի մեջ աստվածության գաղափարը։ Բայց այս երևելի աստվածաբանը իր բոլոր գիտությունը ծալել է և պարկն է դրել, որովհետև իմանում է, թե ժողովուրդը չի հասկանա իրան։ Բայց մեր ժողովուրդն ավելի լավ կհանկանա տեր Մեսրոպի լեզուն, որովհետև նա ժողովրդի միջից ծագած և ժողովրդի գաղափարներով մարդ է, նա դպիր չէ։
Ասլանի այն խոսքը,— թե «մեր ընկերներից մեկը քահանա է» — ինձ նոր մտածության մեջ գցեց։ Ես նրա ընկերներին բոլորին ճանաչում էի, այդ որն էր, որ «աստվածաբանությունը ծալած պարկն էր դրել» և այժմ սրի հետ էր խաղում։ Նա ինձ ոչինչ չասաց և ես չհարցրի, որովհետև սկզբից հայտնեց, թե ասելու նպատակ չունի։ Բայց ինձ ոչ սակավ զարմացնում էր Ասլանի եվրոպական ձևով կերպարանափոխությունը, մանավանդ այն խոսքը, որ նա ասաց տերտերակնոջը՝ «ես ամբողջ վեց տարի այսպես եմ հագնված եղել»... Որտե՞ղ, ո՞ր երկրում։
Մինչ ես այս մտածության մեջ էի, նա ինձ ասաց. — Ֆարհատ, այսօր մենք հասնելու ենք Վան քաղաքը. այնտեղ ոչ ոք չէ ճանաչում ինձ, բացի մի քանի բարեկամներից. ես այնտեղ հայտնվելու եմ, որպես եվրոպացի բժիշկ. դու պետք է զգույշ լինես չխանգարել իմ դերը...
— Ես այնքան հիմար չեմ,— պատասխանեցի։ — Բայց եթե քեզ առաջարկելու լինեն մի հիվանդ, ի՞նչ կանես։
— Կբժշկեմ,— պատասխանեց նա։
— Ինչպե՞ս կարող ես բժշկել,— հարցերի ես զարմանալ։
— Կարող եմ,— դարձյալ պատասխանեց նա վճռական կերպով։
—Տեսնո՞ւմ ես այն երկու մեծ արկղները, որ տանում է տեր Մեսրոպի ծառան, նրանց մեջ ամփոփված են իմ դեղորայքը և բժշկական գործիքները, որ շատ անգամ ինձ հետ ման եմ ածում։
Ես հետո, շատ հետո իմացա, որ Ասլանը ոչ թե հասարակ բժիշկ էր, այլ մի հմուտ բժշկապետ։ Նա այդ արհեստը ուսել էր